Լրահոս
Օրվա լրահոսը

«Անարդարացի կլիներ չխոսել այն մասին, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախկին իշխանությունների կողմից եւ հաջողությամբ շարունակվել նոր իշխանությունների ջանքերով. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2019 13:05

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Երեւանում կայացած նիստի կարեւորագույն արդյունքներից մեկը Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրն էր, որը կգործի հոկտեմբերից։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակեց: Ռոհանիի այցի արդյունքների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

– Ռոհանին եւ Փաշինյանը երկկողմ հանդիպման ընթացքում խոսեցին գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները ընդլայնելու մասին, խոսք գնաց Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու մասին եւ այլն։ Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, թե այս հարցերից որը ինչ արդյունք է ենթադրում մեզ համար։

– Գիտեք, Հայաստանը Իրանից ստանում է գազ եւ դրա փոխարեն Իրանին տրամադրում է էլեկտրաէներգիա։ Եվ բնական է, որ նախանշված է այդ գործարքի ծավալները, տարբեր գնահատականներով, 3-5 անգամ ավելացնել։ Բայց այս պահին մենք չունենք ենթակառուցվածք, որը կարող է դա սպասարկել։ Խոսքը Հայաստանը եւ Իրանը կապող երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է, որի շինարարությունը ձգձգվում է, եւ կարծեք թե վերջին պաշտոնական հայտարարությունը վերաբերում էր դրա գործարկմանը 2020 թ. վերջերին։ Հետեւաբար այդ էլեկտրագծի շինարարությունը չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք ունենալ շոշափելի արդյունք այս ոլորտում։

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտին, ապա, բնականաբար, եթե մենք կարողանանք դառնալ հայտնի՝ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ծրագրի մաս, ապա Հայաստանը կստանա ոչ միայն տնտեսական օգուտներ, այլեւ զգալիորեն կբարելավի իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական շրջափակումը։ Այսինքն մենք ըստ էության կհաղթահարենք այդ շրջափակումը։ Բայց դրա համար լուրջ ջանքեր են պահանջվում՝ կառուցելու եւ ավարտին հասցնելու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին եւ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու խնդիրը բերելու օրակարգ՝ փորձելով այդ երկաթուղու համար ֆինանսավորում հայթայթել Չինաստանից։

– Պարոն Ոսկանյան, վերը նշված հարցերում ի՞նչ դեր ունի Նիկոլ Փաշինյանի գործոնը։

– Ես ընդհանրապես չէի ուզենա անձնավորել Հայաստան-Իրան հարաբերությունները, որովհետեւ երկու պետությունների պարագայում էլ հարաբերությունները  մշտապես զարգացել եւ զարգանում են վերընթաց կորագծով։ Ընդհանրապես շատ կարեւոր է մեր պետության համար՝ Իրանի հետ հարաբերություններում ապահովել շարունակականությունը։ Անարդարացի կլիներ չխոսել այն մասին, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախկին իշխանությունների կողմից եւ հաջողությամբ շարունակվել նոր իշխանությունների ջանքերով, ինչը չափազանց կարեւոր է: Միջազգային ասպարեզում շատ է կարևորվում շարունակականությունը։ Շատ կարեւոր է, որ ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե անձերի տեսքով, այլ որպես պետություն։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031