Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ կասկած չկա, որ ռուսական կողմը չի գնա Հայաստանին մատակարարվող գազի գնի այնպիսի բարձրացման, որ այն այլևս մրցակցային չլինի իրանական գազի նկատմամբ. «168 ժամ»

Հոկտեմբեր 03,2019 12:48

Անցած անգամ, երբ ռուսական կողմը 10 տոկոսով ավելացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դա այնքան էլ ցավոտ չընդունվեց, որովհետև ներքին սակագների փոփոխության անհրաժեշտություն չառաջացավ։ Բայց այս անգամ նման հավանականությունը գրեթե զրոյական է։ Ու ինչքան էլ խոսքը 30 տոկոսանոց թանկացման մասին չէ, ենթադրվում է, որ ներմուծման նույնիսկ ոչ մեծ բարձրացումն ազդելու է ներքին սակագների վրա։ Բազմիցս հայտարարվել է, որ գազամատակարար ընկերության ներքին ռեսուրսներն անսահման չեն՝ սակագների բարձրացումը զսպելու համար։

Թեև դեռ պարզ չէ, թե հետագայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել նախորդ թանկացման ազդեցությունը ներքին սակագների մեջ չներառելը։ Այդ փուլում նպատակը սակագների բարձրացում թույլ չտալն էր։ Հետևանքները երևալու են հետագայում։ Չի բացառվում, որ դա արտահայտվի նաև գազամատակարարման համակարգի նկատմամբ հերթական պարտքի գոյացման տեսքով։

Ժամանակը կտա այդ հարցի պատասխանը։ Իսկ այս պահին առաջնայինը գազի ներմուծման նոր գինն է։ Սպառողներին հետաքրքրում է այն, թե դա ինչպես կարող է ազդել ներքին սակագների վրա, ինչից տնտեսության ու հասարակության սոցիալական վիճակի կախվածությունը չափազանց զգայուն է։

Թանկացման բեռը, ինչպիսին էլ այն լինի, կրելու է սպառողը։ Ներքին սակագների բարձրացումը լրացուցիչ ծախս է ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հատկապես բնակչության համար։ Դա ազդում է տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա՝ հանգեցնելով ապրանքների ու ծառայությունների սպառման գների բարձրացման։ Նվազում է ներքին արտադրության մրցունակությունը, ինչն առանց այն էլ լուրջ խնդիր է արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման համար։

Սրանք խնդիրներ են, որոնց կառավարությունը չի կարող մատների արանքով նայել։ Բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, թե այն մանևրելու մեծ պաշար ունի։ Որքան էլ Հայաստանը՝ շնորհիվ նախորդ իշխանությունների, ունի գազի ներմուծման այլընտրանքային հնարավորություն՝ ի դեմ Իրան-Հայաստան գազատարի, այնուհանդերձ այս պահին մեզ համար ամենամրցունակը ռուսական գազն է։ Այն, ըստ ամենայնի, այդպիսին կլինի նաև սպասվող թանկացումից հետո։ Որևէ կասկած չկա, որ ռուսական կողմը չի գնա Հայաստանին մատակարարվող գազի գնի այնպիսի բարձրացման, որ այն այլևս մրցակցային չլինի իրանական գազի նկատմամբ։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031