Փաստաբան Գենյա Պետրոսյանը ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծման համար, օրենքի շրջանակներում, Ազգային ժողովը կարող էր միայն այս ճանապարհով գնալ։ «Ազգային ժողովը միայն այս գործընթացը նախաձեռնելու իրավունք ուներ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցման գործընթացում և ՍԴ դիմելու հարցով, սակայն այդ հարցը որոշելու իրավասությունը օրենքով վերապահված է հենց Սահմանադրական դատարանին։ Ես չեմ գտնում, որ ի սկզբանե բացառված է, որ Սահմանադրական դատարանը քննարկման արդյունքում կարող է որոշում չկայացնել։ Այնպես չէ, որ իրավիճակը կանխատեսելի է։ 6 դատավորի ձայն է հարկավոր»,- ասաց տիկին Պետրոսյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու այլ իրավական ճանապարհ չկար։ Միակ օրինական ճանապարհը դա էր։
«Գործընթացը նախաձեռնելու հիմնական նպատակը և իմաստն այն էր, որ հարցերը, որոնք վերաբերում էին Հրայր Թովմասյանի անաչառությանը առնչվող կասկածին, առհասարակ քննարկման առարկա չէին դարձել Սահմանադրական դատարանում։ Իսկ նախագծում հիմնական շեշտը հենց դրա վրա է դրված։ Մինչդեռ, շարունակաբար այդ հարցը բարձրացվել է և ոչ մի արձագանք դրան չի տրվել ո՛չ աշխատակարգային որոշմամբ, ո՛չ վերջնական որոշմամբ։ Հենց այս ամենն ավելի է ամրապնդում կասկածը, որ ՍԴ-ն պարզապես խուսափել է նշված հարցի քննարկումից։
Հետևաբար՝ անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի լիազորությունները դադարեցնելու մասով, միևնույն է, այդ որոշումը կարևորվելու է իր բովանդակությամբ և իր հիմնավորումներով»,- ընդգծեց Պետրոսյանը։
Դիտարկմանը՝ այս ճանապարհի ձախողման դեպքում ուրիշ ինչ հնարավոր ճանապարհներ կարող են ընտրվել, փաստաբանը պատասխանեց. «Այլ ճանապարհներ կարող են ընտրվել, պարզապես հիմքերն են տարբեր լինելու։ Այն գործընթացը, որը սկսել է Ազգային ժողովը, ուղղված է ոչ թե սահմանադրական ճգնաժամի հարցի լուծմանը, որը բարձրաձայնվել էր ամիսներ առաջ ՍԴ դատավորի կողմից, այլ կոնկրետ դեպքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կոնկրետ դատավորի կողմից թույլ տրված էական կարգապահական խախտմանը։ Դրանք միանշանակ տարբեր իրավական գործընթացներ են և պետք չէ միմյանց հետ փոխկապակցել։
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ այս գործընթացի ելքը միանշանակ չի կարող կապ ունենալ այլ գործընթացների հետ, որոնք առաջիկայում կարող են նախաձեռնվել»։
Նշենք, սակայն, որ օրեր առաջ, անդրադառնալով ԱԺ-ի կողմից նախաձեռնված գործընթացին և ներկայացված նախագծին, փաստաբան Տիգրան Եգորյանը նկատել էր, որ ԱԺ-ն սխալ ճանապարհով է գնում։ «Ի սկզբանե զարտուղային ու սխալ նախաձեռնություն է, որ կենտրոնացված է միայն Հրայր Թովմասյանի վրա։ Պետք է դադարեցնել այդ ուղղությամբ որևէ զարգացում և կենտրոնանալ այն հայտարարությունների և այն ուղղությունների վրա, որոնք ազդարարվել են վարչապետի և ԱԺ նախագահի կողմից։ ԱԺ-ն պետք է քննարկի այս հարցը և իրավական ու քաղաքական գնահատական տա։ Հայտարարության տեքստով ընդունի այդ գնահատականը և դիմի համապատասխան մարմիններին, որից հետո կձեռնարկվի ՍԴ-ի ձևավորման կազմավորման գործընթաց, որը նախատեսված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։
ԱԺ-ն չպետք է նախաձեռներ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց։ Նոնսենս է, երբ դու հստակ կասկածի տակ ես դնում կոնկրետ մարմնի լեգիտիմությունը և դիմում ես այդ մարմնին այդտեղ գործող անդամներին քննելու քո խնդրանքը։ Սա և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից փակուղի է և զարտուղի է»,- ասել էր Եգորյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում