Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճեպանկար»՝ Պերմյակովի պատմության հիման վրա ստեղծված ֆիլմից

Հոկտեմբեր 03,2019 10:40

Օրերս Երեւանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի նախադիտումը, որը ներշնչված է իրական դեպքերից։

2015 թ. հունվարին, Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ներխուժելով մի տուն՝ սպանում է Ավետիսյան ընտանիքի բոլոր յոթ անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին։ Նույնիսկ ձերբակալումից հետո նա համառորեն լռում է…

Այս պատմությունն այնքան է հուզել ռեժիսորներին, որ ստեղծել են դեպքերի զարգացման իրենց մեկնությունն ու հանգուցալուծումը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում: Վերջինիս գլխավոր համակարգող Էդվին Կարելսը, ռեժիսորների փոխանցմամբ, իրենց ֆիլմը համեմատել է Դոստոեւսկու վեպի հետ:

Ֆիլմում անչափ շատ էին սիմվոլները` վախ ու հնազանդություն խորհրդանշող նապաստակ ու գառ, շուն, ձի, ընդհուպ ռուսական մանկապարտեզի տեսարանը, որը լրացվում էր Արամ Խաչատրյանի` ոչ պատահական ընտրված «Իվանի արկածները» երաժշտությամբ: Իվան էր նաեւ մարդասպան զինվորի անունը։ Բայց թե ինչու էր ռուս զինվորը ուկրաինացու` Պովարենկո ազգանուն կրում, դա էլ երեւի ռեժիսորները կբացատրեն: Մանկական մանկապարտեզային հանդեսի միջոցով քանիցս պատմության մեջ «ներխուժող» Իվանուշկա Հիմարիկի կերպարը աչք էր ծագում, մի քանի անգամ նույնի «մատուցումը» նույնիսկ ձանձրալի էր: «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» վերնագիրը եւս ռուսներից չվախենալու խորհուրդն ուներ, իսկ ռուսներն իրենց ասոցացնում են արջի հետ:

Ֆիլմում ընդգծված էին վրեժի ծարավն ու անընդհատ ամեն ինչը աղոթքով հանդարտեցնել փորձող քահանան, որն ի վերջո մեկուսարանում կրակում եւ սպանում է ուկրաինական ազգանունով «ռուս» զինվորին: Ֆիլմի վերջաբանը նովելային էր, ու բավականին համարձակ, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը ձգձգված էր, երբեմն կային կարծես ընդհանուր տրամաբանությունից զատված, ոչինչ չտվող կադրեր, եւ որ ամենակարեւորն է, ֆիլմից Գյումրու «հոտ» չէր գալիս: Թեեւ ռեժիսորները ֆիլմում չեն պնդում, որ դեպքերը հենց Գյումրիում են տեղի ունեցել, քանի որ իրենք պարզապես գեղարվեստական հագուստ են հագցրել ողբերգական պատմությանը: Ֆիլմում կային հայտնի եւ անհայտ դերասաններ (Արմեն Աբելյան, Ռոբերտ Հակոբյան, Նարինե Պետրոսյան, Սամվել Ասատրյան, Մեսրոպ Ծաղիկյան, Մհեր Գասպարյան եւ այլք), անպայման էրոտիկ անկողնային տեսարան, մի քիչ պաթոս, մի քիչ ձեւականություն, ինչպես տեր Ավետիսի խիստ օրինակելի ընտանիքի պարագայում էր` հստակ ժամերով նախաճաշ, ճաշ, ընթրիք, դրանից հետո «հայրիկ օրհնիր» արտահայտությամբ հրաժեշտ` հոգեւորական հորը:

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի բնորոշմամբ, ֆիլմը արժանապատվության մասին է, բայց հավանաբար, սովորական հանդիսատեսը, եթե ծանոթ չէ Ավետիսյանների հետ պատահած դժբախտությանը, այդպես էլ չի ընկալի, թե ինչու ռուս զինվորը սպանեց մի ողջ ընտանիքի: Ամեն դեպքում ֆիլմի վրա բավականին շատ աշխատանք էր թափված, ինչպես ռեժիսորական այս զույգի նախորդ ֆիլմերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031