Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարաբերություններ եւ շահեր

Հոկտեմբեր 03,2019 10:00

Ռուսաստանը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Վերին Լարսում կուտակված հայկական ավտոմեքենաների համար, Ռուսաստանը թույլ չի տալիս իր երկրում աշխատել մեր քաղաքացիներին՝ հայկական վարորդական իրավունքներով (եւ այդ խտրականությունը դրսեւորում է միայն հայաստանցիների նկատմամբ), Ռուսաստանը չի արտահանձնում մեր երկրի համար լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց: Դրանց երեկ ավելացավ նաեւ այն փաստը, որ Երեւանում գտնվելու ժամանակ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, որի ամուսինը դարձյալ մեղադրվում է լուրջ հանցագործության մեջ: Այդ քայլը նույնպես չի կարելի որակել որպես մեր երկրի հանդեպ բարի կամքի դրսեւորում: (Ի դեպ, վերջերս ֆեյսբուքում տգեղ, անպատկառ մեկնաբանություններ են հրապարակվել՝ Քոչարյանի հիվանդանոց այցելելու հետ կապված: Ինձ թվում է, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում այս կամ այն քաղաքական, պետական գործչին, որեւէ մարդու առողջության հետ կապված ցինիկ արտահայտություններն անընդունելի են):

Հավանաբար, մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Պուտին-Քոչարյան հարաբերությունները միշտ ավելի ջերմ են լինելու, քան Պուտին-Փաշինյան կապերը: Ռուսաստանի ներկա ղեկավարը եւ Հայաստանի Երկրորդ նախագահը միեւնույն արժեքային համակարգի կրողներն են՝ կոշտ ավտորիտարիզմ, որի պայմաններում, ըստ էության, չկա քաղաքական մրցակցություն, խոսքի եւ հավաքների ազատություն, բացակայում է ընտրությունների մեխանիզմը, «սխալ բաներ» խոսացող լրատվամիջոցները կարող են փակվել, կոշտ քննադատություն հնչեցնող գործիչները կարող են ազատազրկվել: Նիկոլ Փաշինյանն այդ առումով չի կարող Քոչարյանին նմանվել: Բայց Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չեն միայն անձերով, եւ այնպես չի, որ բարեկամական կապերը միայն մեզ են պետք՝ քաղաքականության մեջ ամեն ինչ փոխադարձ է: Ներկա իշխանությունը, ինչպես նաեւ հաջորդ իշխանությունները, պարտավոր են այդ կապերը զարգացնել՝ առանց նսեմանալու եւ շողոքորթելու, առանց «գույք պարտքի դիմաց»-ի նման, մեղմ ասած, վնասակար գործարքների: Բայց մյուս կողմից թե՛ ռազմական, թե՛ էներգետիկ առումով մենք կախում ունենք Ռուսաստանից: Այդ կախումը պետք է աստիճանաբար թուլացնել, սակայն կացնային հարվածով այն վերացնել՝ պարզապես հնարավոր չէ:

Լուկաշենկո-Փաշինյան հարաբերությունները երբեք ավելի լավը չեն լինի, քան Լուկաշենկո-Ալիեւ «եղբայրությունը»: Եվ այստեղ դեր են խաղում ոչ միայն արժեքային նույն համակարգերի նմանությունները, այլեւ զուտ տնտեսական հաշվարկները, համատեղ բիզնեսը, այդ թվում՝ ռազմական: Բայց Բելառուսի հետ նույնպես պետք է ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ: Իսկ եթե փող ունենանք, կարելի է նաեւ այդ երկրից զենք գնել՝ մեզ չեն մերժի, քանի որ Լուկաշենկոն չափազանց պրագմատիկ գործիչ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամէն դէպքում, պարզ է թէ էական հարցը «ջերմութեան» հետ կապ չունի: Այլ՝ վստահութեան:

    Իսկ եթէ նկատի առնուի որ 2008-ի coup d’Étatի փորձը կը ծառայէր կամ գոնէ կը նպաստէր արեւմտեան հակառուս ուժերուն, այսինքն՝ թիրախը Ռուսաստանն էր, եւ այդ փորձը ձախողեցաւ՝ շնորհիւ Քոչարյանին, ապա Փութինը նաեւ պատաւորութեան ունի վերջինիս հանդէպ: Այս ալ՝ հիմնականրօրէն ոչ անձնական գետնի վրայ, այլ Ռուսաստանի պետութեան ամենահիմնական շահերի տեսանկիւնից, ի մտի ունենալով նրա աշխարհաքաղաքական ազդեցութեան ոլորտում գտնուող – կամ նրա հետ պաշտօնական դաշինքներով կապուած – մնացեալ երկիրների պարագան, ուր Ռուսաստանի հետ դաշինքները յարգող, անոնց տէր կանգնող ղեկավարները հետեւում են այս խնդրին, տեսնելու համար թէ որքանով ալ իրենց է ի հարկին տէր կանգնելու Մոսկուան:

    Աւելին, նկատի ունենալով որ 2008-ի coup d’Étatի ձախողութեան շնորհիւ Հայաստանը չդրժեց իր յարաբերութիւնները եւ նաեւ դաշինքները Ռուսաստանի հետ, խնդրոյ առարկայ դատավարութեան մէջ, Փութիւնը ինք՝ կողմէ է: Մեղադրեալ է: Զինք է որ կը ջանան դատել՝ Քոչարյանի եւ Խաչատուրովի ընդմէջէն:

    Այս ամէնուն լոյսին տակ, կը մնայ մէկ իսկական հարցադրանք՝ եթէ Փաշինյանը ինք իսկապէս մտադիր չէ Հայաստանը հեռացնելու Ռուսաստանից եւ զայն մօտեցնելու ՆԱՏՕ-ին, ի՞նչ օգուտ ունէր, իրեն եւ իր իշխանութեան համար իսկ, այս խնդիրը արծարծելը, եւ այս յամառութեան տեւաբար վատթարացնելը, ընթացքում՝ քայքայելով Հայաստանի պետականութեան ոչ միայն արդէն իսկ դիւրաբեկ կառոյցը, այլ պատրանքները անգամ: Թէ ոչ, ուրեմն իրապէս Վրաստանի սցենարն է որ կը կիրառուի, եւ պէտք է ըստ այնմ դիմագրաւել հետեւանքները:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://haytougchamlian.blog/

  2. Լավատես says:

    Մենք մեր երկրի տերը չենք եղել եւ ամեն մեկս մեր անձնական անհատական դարդերով ենք տապակվել ու անձնական ուրախություններով երջանկացել, դե դրսից էլ տեսել են թե էս երկրին տեր չկա, որոշել են էս երկրի եղած չեղածը ծախեն ու իրենց գլուխը պահեն: Գողացել են, թալանել են, բայց ումի՞ց, տիրո՞ջն են թալանել, իսկ ո՞ւր էր էդ տերը, երբ իր ունեցվածքը թալանում էին: Նույնն է թե այգու նստարանին մսի կտոր դնենք ու սպասենք թե սոված փողոցային շները ի՞նչ կանեն, էդ տնական դաստիարակված կերած ու խղճովները ուրիշի ապրանքին չեն էլ նայի, բայց սովածներին պետք է պատժել իր տիրոջ հետ միասին, դե տերն էլ ժողովուրդն է, էդ հիմա է մասամբ իր երկրի տերը, իսկ դրամի, տնտեսության տերը ժողովուրդը չի ու դա մենակ չես դառնա, պետք է մեր նման այլ ժողովուրդների հետ ձեռք ձեռքի տանք ու ստեղծենք մեր սեփական դրամն ու տնտեսությունը: Առանց սեփական դրամի ու տնտեսության մեր պետությունն ու ազգը կաղ է: Ժամանակն է մեր գործարարներն ու դրամարարները 🙂 իրե՛նց հեղափոխությունն անեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031