Լրահոս
Օրվա լրահոսը

Առասպելական քանդակագործի առեղծվածը

Հոկտեմբեր 03,2019 14:30

Երեւանն այսօր առանց լայնալիճ աղեղը ձեռքին Հայկի՝ դատարկ կնայվեր, իսկ Հայաստանը կմնար անպաշտպան։ Անպաշտպան կմնար նաեւ առանց Վիշապաքաղ Վահագնի, առանց Տորք Անգեղի… Քչերն այսօր գիտեն, որ այս արձանների հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, իսկ արվեստի հետ ավելի խորը շփվողները նրա անունը հիմնականում կապում են Հայոց հնագույն դիցաբանական անցյալի արձանագործության հետ։

Կառլենը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 2-ին Երեւանում։ Արմատներով Կապանի Վաչագան գյուղից է։ Ըստ նրա հարազատների հավաստիացումների՝ Նուրիջանյանների նախապապը Խոջա Նուրիջանն է, որը ծնվել է 1690 թվականին եւ սերվում է Դավիթ-Բեկից։ Նրանց ազգականներն են եղել հեղափոխական գործիչ Ավիս Նուրիջանյանը, Մարատ Նուրիջանյանը, որը «Քաջարանի բանալի» (մեզ հայտնի Արջի) քանդակի հեղինակն է, համահեղինակը Կապանում տեղադրված Սարգիս Բաղդասարյանի «Դավիթ-Բեկի» ձիարձանի։

Արսեն Նուրիջանյանը՝ Կառլենի հայրը, Երեւանի հանրապետության հրապարակի մի շարք բարձրաքանդակների քարտաշն է։ Նախնիների շնորքն, իհարկե, նպաստեց, որ Կառլենի՝ քանդակագործության հանդեպ ունեցած սերն արտահայտվեր մանկուց, երբ նա անընդհատ հացի միջուկից կենդանիներ էր պատրաստում։ Նրա մանկական փորձերը հետագայում վերածվեցին մոնումենտալ-կոթողային զորեղ գործերի, եւ շունչ, մարմին ու կենդանություն առան հայ ցեղի պահապան աստվածներից։ Կառլեն Նուրիջանյանն առանց երկընտրանքի որոշում ընդունեց ուսումնառել Երեւանի Գեղարվեստի ուսումնարանում եւ 1950 թվականին ավարտելուց հետո անմիջապես ուսումը շարունակեց Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1956 թվականին նրա ավարտական աշխատանքը պատմահայր Խորենացու մտախոհ կերպարն էր, ինչով արդեն բացահայտվեց ապագա քանդակագործի տաղանդն ու յուրատիպությունը, որը բնորոշ դարձավ իր հետագա բոլոր կոթողներում։ Դիցաբանական թեմայով արված նրա առաջին մեծածավալ դրվագակերտ քանդակը «Վահագն Վիշապաքաղն» էր, որը նա ներկայացրեց 1968 թ. քաղաքամայր Երեւանի 2750-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին։

Ցուցահանդեսն սկսվում էր Նկարիչների միության շենքի մուտքից, ուր եւ տեղադրված էր հեթանոս հայերի ռազմի աստված Վահագնը, իր հզոր ափերի մեջ խեղդամահ անելով ամեհի վիշապին, կարծես խորհրդանշելով հայ ժողովրդի հավաքական ուժականությունն ու գետնվող թշնամուն։

Երկրորդ` «Հայկ Նահապետի» արձանը 1970 թ. կերտելիս Կառլենը Հայկին պատկերեց ոչ թե զրահապատ, այլ մերկ ու մկանուտ կազմվածքով, վագրակերպ կապարճով, դրանով ավելի ընդգծելով առասպելականությունն ու խիզախությունը։ Դիցապատմական թեման, որպես անհատական հատկանիշ, հետագայում միշտ ուղեկցեց Նուրիջանյանին, հաղորդելով նրա ստեղծագործություններին ազգային, ցեղաշունչ ոգի։ Դա արտացոլվում է ե՛ւ «Նվարդ, Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» եռաֆիգուր, ե՛ւ «Արտավազդ» կոմպոզիցիաներում, ե՛ւ Աբովյան քաղաքում դրված ամեհի ցուլին տապալող Տրդատ արքայի պղնձաձույլ մեծադիր արձանում (1976)։ Առասպելաբանական բնույթ են ստանում Նուրիջանյանի գրեթե բոլոր հայրենասիրական կոթողները՝ Թալինի Վերին Սասնաշեն գյուղում գտնվող Զորավար Անդրանիկի դիմաքանդակը, Կոմիտասի 100-ամյակի առթիվ Ախուրյանում դրված արձանը, Քանաքեռի ալյումինի գործարանի պուրակում դրվագված ալյումինե «Արծիվ» ոճավորված քանդակը բարձրադիր պատվանդանով (1969), Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում «Տորք Անգեղի» կոփածո արձանը, (1982) եւ մյուսները։

Բազմաշերտ են Նուրիջանյանի կերտվածքները, հատկապես առանձնահատուկ է արտահայտված  նրա վերաբերմունքը հայուհու հանդեպ՝ Դիլիջանի «Հայաստան» (1960), «Բարի Գալուստ» (1968) քանդակներում, Ծաղկաձորում «Արեւ Պարգեւողը» արձանում (1969), Արմավիրում ու Խաթունարխ (Գայ) գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններում, Երեւանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի նախկին շուկայում տեղադրված գինու արարումն ու բերքի տոնը խորհրդանշող կանանց բարձրաքանդակներում, տարբեր դիմաքանդակներում։ Այն բնորոշ է նաեւ Շամիրամի քանդակի համար արված պլաստիլինե տարբերակում, որը, ցավոք, դարձավ Նուրիջանյանի վերջին աշխատանքը։

1982 թ. փետրվարի 25-ին հրկիզվելով առեղծվածային պայմաններում, 53 տարեկանում զոհվեց Հայոց ամենացեղաշունչ քանդակագործը։ Խորհրդային ոչ մի լրատվական միջոց չանդրադարձավ այդ ողբերգությանը։ Լռում են նաեւ այժմ։ Կառլեն Նուրիջանյանն իր ստեղծագործություններով, իր գիտակցական կյանքն անմնացորդ նվիրեց հայոց պայքարին, ապրեց եւ զոհվեց Հանուն Հայրենիքի։ Վաղաժամ մահը թեեւ ընդհատեց նրա երկրային կյանքը, բայց իր անմահ ստեղծագործությունները իրավմամբ նրան դասեցին Հայ Մեծերի շարքին։ Կառլեն Նուրիջանյանի հայրենասիրական կենսակերպն ու թողած ազգային ժառանգությունը հաշվի առնելով, «Հանուն Հայրենիքի» հ/կ-ն դիմել է ՀՀ վարչապետին՝ պետական մակարդակի արժանի գնահատական տալու առաջարկով։

Մասնավորապես, առաջարկում ենք Երեւանի փողոցներից մեկը կամ կրթամշակութային որեւէ հաստատություն կոչել Կառլեն Նուրիջանյանի անունով եւ նրան հետմահու արժանացնել պետական բարձր շքանշանի: Այդ անվանակոչությունը մի կողմից գնահատանքի դրսեւորում կլինի մեծանուն վարպետի հիշատակին, մյուս կողմից՝ առիթ կհանդիսանա, որ հայ արվեստասեր հանրությունն ու նոր սերունդը լավագույնս տեղեկանան տաղանդավոր քանդակագործի մասին: Հավատացած եղեք, որ այդ քայլը կարող է մշակութային հեղափոխության համար կարեւոր խթան լինել:

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԿ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031