Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է գալու Ավետ Տերտերյանի ժամանակը

Հոկտեմբեր 03,2019 14:00

Արվեստի  եւ գրականության մեր մեծերի հոբելյանների առիթով իրականացվող միջոցառումները լայն հնչեղություն են ստանում, երբ դրանք անցկացվում են կառավարության նախաձեռնությամբ: Շարունակվում են Կոմիտասի եւ Թումանյանի ծննդյան 150, Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հանդիսությունները: Տարին հոբելյանական է նաեւ Գոհար Գասպարյանի, Լեւոն Շանթի, Ավետ Տերտերյանի, Գեւորգ Էմինի համար:

Նախօրեին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ թատերագետ, գրող, հրապարակախոս, Հ1-ով հեռարձակվող «Գզրոցներ» հաղորդաշարի, հայ մեծերին ներկայացնող մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմերի հեղինակ Հովհաննես Երանյանի հերթական աշխատանքի ցուցադրությունը՝ նվիրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 90-ամյակին:

Մեծանուն կոմպոզիտորի երազանքն էր Հայրավանքում՝ իր առանձնատանն անցկացնել փառատոն, ինչը իրականացավ նրա 86-ամյակի առիթով: Միջոցառմանը ներկա էին նաեւ ճանաչված երաժիշտներ արտասահմանից, մոսկովյան «Կուլտուրա» TV-ն ժապավենին հանձնեց փառատոնային միջոցառումները, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը նկարահանեց ֆիլմ: Հաջորդ՝ 2016թ.  իրականացավ կոմպոզիտորի երազած փառատոնը, եւ այդքանով վերջակետ դրվեց:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորի լուսահոգի կինը՝ երաժշտագետ Իրինա Տիգրանովան ասել էր. «Ավետ Ռուբենիչը հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից ու նրա պարտադիր կանոններից: Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի եւ ազգային երաժշտության հետ: Նրա համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի: Տերտերյանը երաժշտությունը կարող է ստեղծել ու ապրեցնել այդ մեկ հնչյունով»: Ժամանակին երաժշտագետ,  երջանկահիշատակ Արաքսի Սարյանը մեր դիտարկմանը, թե Տերտերյանի երաժշտությունը դժվար ընկալելի է նույնիսկ մասնագետների համար, պատասխանել էր. «Տերտերյանը սիմֆոնիաներում ներկայացնում է մակրո եւ միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքր եւ մեծ աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մասնավորապես՝ մարդուն՝ նրա զգայությունների հավերժի ճանապարհին: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ տերտերյանական երաժշտությունը 21, 22-րդ… մի խոսքով՝ գալիք դարերի համար է»:

Արվեստագիտության թեկնածու, Երեւանի կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ ինքը Տերտերյանի ուսանողը չի եղել, բայց բազմաթիվ են եղել շփումները կոմպոզիտորի հետ. «Ինձ համար թանկ է կոմպոզիտորի նվիրած «Ավետ Տերտերյան-երկխոսություններ» գիրքը՝ հեղինակի հետեւյալ մակագրությամբ՝ «ի հիշատակ մեր սիրո…»: Հետո էլ հավելեց. «Առանձնակի տպավորիչ էր մեր վերջին զրույցը, երբ նա մտահոգություն էր հայտնում՝ ձեռնամուխ լինե՞լ, գրե՞լ, թե՞ ոչ իր 9-րդ սիմֆոնիան: Հանճարեղ կոմպոզիտորների, այդ թվում՝ Շուբերտի, Բեթհովենի, Մալերի կյանքում հենց թվով 9-րդ սիմֆոնիան է եղել ճակատագրական. նրանք դրանից հետո  հրաժեշտ են տվել երկրային կյանքին… Ես վստահ եմ, որ Տերտերյանի ժամանակը դեռ նոր է գալու, եւ ո՞վ գիտե՝ գուցե տարօրինակ հնչի, բայց կոմպոզիտորի  8 սիմֆոնիաները ունկնդրելուց հետո լսում եմ 9-րդը… Գուցե դա հետեւանք է ժամանակին իմ ու կոմպոզիտորի զրույցների՝ սեփական ապրումների, տարբեր հոգեվիճակների, մեր ապրած բարդ ժամանակաշրջանի մասին… Խիստ ու ազդեցիկ արտաքինով Տերտերյանի շփումը շրջապատի հետ անմիջական էր: Քանիցս համակուրսեցիներիս հետ ունկնդրել եմ նրա սիմֆոնիաները  Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան 10-րդ քոթեջում՝ նրա առաջարկով: Ուսանողներին հարցնում էր՝ իսկ դուք լսե՞լ եք իմ, ասենք՝ 6-րդ սիմֆոնիան, ու… հայտնվում էինք Դիլիջանում: Իսկ նրա ստեղծագործությունների լսումներին հեղինակի ներկայությունը աննկարագելի խորհրդավորություն էր հաղորդում…»:

Անդրադառնալով Հովհաննես Երանյանի ֆիլմին, նշենք, որ այն ըստ էության արտացոլում է նորարարական  մեծ խիզախությամբ ու հայկական հոգեւոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ  կիրառմամբ կոմպոզիտորի  ստեղծագործությունների (հատկապես սիմֆոնիաներում) նոր խոսքը ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլեւ համաշխարհային երաժշտության մեջ:

Իմիջիայլոց, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական սիմֆոնիկ նվագախմբերն իրենց գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ անդրադառնում են Տերտերյանի սիմֆոնիաներին: Ցանկալի է գոնե կոմպոզիտորի համար հոբելյանական տարում օպերային թատրոնը վերականգներ նրա «Երկրաշարժ» օպերան: Հիշեցնենք, որ կոմպոզիտորի առաջին՝ «Կրակե օղակ» օպերան  ժամանակին ներկայացվել է Շուշիում, ուրեմն հնարավոր է այն ներկայացնել նաեւ թատրոնում: Տերտերյանի մասին խոսելիս, անհնար է չնշել դիրիժոր Ռուբեն Ասատրյանի անունը, որը մշտապես եւ ամենուր  պրոպագանդում է կոմպոզիտորի ստեղծագործությունները: Դիրիժորը օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ղեկավարել է Տերտերյանի երկու սիմֆոնիաները:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հպարտ եմ, որ 3 տարի գործիքավորում եմ ուսանել Տերտերյանի մոտ և որ ինձ իր լավագույն սաներից է համարել: Այնուհետև՝ ընկերներ ենք եղել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Աստղիկ says:

    Բարև ձեզ,
    Խնդրում եմ, ուղղեքայս հոդվածում տեղ գտած վրիպումը։

    «Իմիջիայլոց, Հայաստանի ֆիլհարմոնիկ եւ պետական ազգային սիմֆոնիկ նվագախմբերն իրենց գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ անդրադառնում են Տերտերյանի սիմֆոնիաներին»:
    Ճիշտ տարբերակն է.
    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական սիմֆոնիկ նվագախմբեր

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031