Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր տաճարի «մութ» անկյունները

Հոկտեմբեր 03,2019 13:30

Աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող այս կամ այն  վարկածի քննարկումները շարունակվում են: Որքանո՞վ են վերջիններս համապատասխանում իրականությանը, ի՞նչ ծագում եւ հիմքեր ունեն: Այս թեմայով զրույց ունեցանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

– Արդյո՞ք Մայր տաճարը կառուցվել է հին հայկական հրաշալիքներից մեկի՝  հեթանոսական Արտեմիսի տաճարի տեղում, եւ քանդվել հենց այդ պատճառով, քանի որ 1950թ.-ին պեղումների ժամանակ Մայր տաճարի ավագ խորանի տակ հայտնաբերվեցին հեթանոսական տաճարի մնացորդներ: Ըստ վարկածի՝ տաճարը կառուցվել է հեթանոսական Արտեմիսի աստվածուհու տաճարի տեղում՝ քանդելով հին հայկական հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը:

– Մեր նախնիները՝ հայոց Տրդատ թագավորն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը, ոչ մի հեթանոսական տաճար չեն կործանել, կործանել են կուռքերը ու բագինները, սրանք տարբեր բաներ են: Հեթանոսական տաճարները վերափոխվել են եկեղեցիների, որովհետեւ երկրի համար թե բարոյապես եւ թե տնտեսապես դա ավերածություն կլիներ: Սա աբսուրդների աբսուրդն է, որը ինձ համար 19-րդ դարի եւ 20-րդ դարի աթեիստական գաղափարախոսության գաղափարների վրա ստեղծված պատմագրության սուտն է, ընդդեմ Սուրբ եկեղեցու: Մայր տաճարը ի հիմանե կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքի համաձայն Քրիստոսի էջքով:

– Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է չար ուժի խորհրդանիշ կարիճը հայտնվել Մայր տաճարի զանգակատան կամարի տակ՝ շրջապատված հրեշտակների որմնանկարներով:  Ըստ վարկածի՝ դեռեւս խորհրդային ժամանակներում շինարարական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում, եւ նկարիչը, որ վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր գլխավերեւում կարիճ է տեսնում: Ըստ նույն վարկածի, նա ձեռքի տակ ունենում է միայն  նկարչական լաքապատ վրձին եւ պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին, այդ պահից ի վեր, շուրջ 50 տարի լաքով պատված կարիճը քարանում է՝ դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը:

– Այս վակածը պատմական ոչ մի հիմք ու հետաքրքրություն չունի: Անկեղծ ասած, հիմնավոր որեւէ պատմություն գոնե ես չգիտեմ: Տարբեր վարկածներ կան, բայց դրանք ոչինչ չասող վարկածներ են եւ Մայր տաճարի պատմությանը ինքը ոչինչ չի ավելացնում: Եթե նման մանրամասնություններով է ներկայացվում սա, ապա գրիչը ուղղակի չպետք է զլանար այսպիսի տեղեկություններ մեզ փոխանցելու, եթե չի փոխանցել, ապա վստահորեն կարող եմ ասել, որ ենթադրություններն ուղղակի անիմաստ են:

– Արդյո՞ք Մայր տաճարի գմբեթի տակ պատկերված դիմանկարում մահմեդական Շահ Աբասն է:  1604թ.-ին  Շահ Աբասը, խախտելով խաղաղության պայմանագիրը, արշավի է դուրս գալիս դեպի Հայաստան, գրավում հին Ջուղան՝ իր հետ տանելով մեծ թվով հայերի: Զգալով հայերի հավատն առ Աստված, եւ եկեղեցի գնալու ձգտումը, նա հրամայում է իր զինվորներին գնալ Էջմիածին՝ քանդել տաճարն ու համարակալած քարերը տեղափոխելով Պարսկաստան՝ կառուցել նոր տաճար: Շահ Աբասի սարսափելի մտադրության լուրը հասնում է Հայաստան, հայ վանականները գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին, երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի Շահի պատկերը; Ըստ վարկածի՝ այդպես էլ լինում է, կայացվում է որոշում, հնարավորինս շուտ քանդակել շահի պատկերը, ինչը եւ փրկում է տաճարը ավերումից:

– Միանշանակ Շահ Աբասը չէ: Նախ նրա արշավանքները եղան 1600-ական թվականներին, իսկ մինչեւ  1680-ական թթ. Շահ Աբասը վաղուց մահացել էր: Համաձայն  գրավոր վկայությունների, զանգակատները՝ հյուսիսայինը, հարավայինը եւ արեւելյանը կառուցվել են Եղիազար Այնթափցի ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին եւ բնականաբար՝ Շահ Աբասի խնդիր չկար: Այս պատմությունը շինծու պատմություն է: Արխիվային նյութերի ուսումնասիրման արդյունքում պարզել ենք, որ այդ հարթաքանդակում պատկերվածը Եղիազար Այնթափցին է՝ տաճարի զանգակատները կառուցող բարերարը: Եթե ուշադիր նայեք նկարին, կտեսնեք, որ նրա ձեռքին  կլոր մի առարկա կա, որն էլ ենթադրաբար այն  դրամն է, որ ինքը տվել է տաճարին:

– Ինչո՞ւ էին  Հիտլերն ու Նապոլեոն Բոնապարտը իրենց բոլոր հաջողությունները կապում Սուրբ Գեղարդի հետ:

– Եթե մարդիկ իրենց հաջողությունները կապում են այս կամ այն առարկայի հետ, ուրեմն այս կամ այն առարկան իրենց համար թալիսման է, բայց Գեղարդը՝ որպես Քրիստոս անձի հետ կապված մի առարկա,  մեզ համար ունի սուրբ նշանակություն:

– Աշխարհի մի քանի երկրում եւս կան Գեղարդի օրինակներ, արդյո՞ք  Էջմիածնում գտնվող Գեղարդն է բնօրինակը:

– Այսօր աշխարհում կա հինգ Գեղարդ, որոնք պահվում են Վիեննայում, Կրակովում, Վատիկանում, Հայաստանում եւ վերջերս պարզեցինք, որ մեկ Գեղարդ էլ պահվում է Զմյուռնիայում: Եթե Կրակովի Գեղարդը Վիեննայի Գեղարդի կրկնօրինակն է, ապա Զմյուռնիայում պահվող Գեղարդն էլ Մայր տաճարում գտնվող Գեղարդի կրկնօրինակն է: Բնականաբար, այս 5 Գեղարդներից ամենահինը հայոց Գեղարդն է, այն իր կառուցվածքով նման է եղել տվյալ ժամանակաշրջանում գործածվող այն Գեղարդներին, որոնք ոչ թե ռազմական զենք են եղել, այլ հանդիսավոր առիթների գործածվող զենքեր:

Զրուցեց Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031