Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետն ու Ռեքսը

Հոկտեմբեր 03,2019 12:30

Ռեքսը գնդապետի սիրելի շունն է: Խոշոր կազմվածքով, երկար ատամներով ու վայրի բնազդներով Ռեքսը տարիներ շարունակ ապրում է գնդապետի հետ Արցախի ազատագրված տարածքներից մեկում՝ խոր ձորերի քարափին վերակառուցված մի ընդարձակ տան բակում: Գնդապետի մարտական ընկերները եւս շատ են սիրում Ռեքսին՝ ամեն անգամ իրենց հացկերույթի առատ սեղանից Ռեքսին բաժին հանելով խորոված մսի ամենահյութեղ կտորների ոսկորները եւ ասելով.

-Պարոն գնդապետ, էս շանը տուր տանենք դիրքեր, լավ սահման կպահի, չի թողնի, որ մեր գլխավերեւով մի հավք անգամ անցնի…

Ռեքսն ուշադիր լսում է իրեն վերաբերող զրույցներն ու հավատով սպասում, թե երբ են իրեն տանելու դիրքեր: Նա երազում է սահմանի ողջ երկայնքով վայելել ազատ վազքի բերկրանքը, զգալ մարմնի հոգնատանջ քրտինքը: Տան բակում նա ասես կաղապարված լինի: Հատկապես չի սիրում, երբ ինքը կատաղի հաչում է անծանոթ եկվորների վրա, իսկ տերը սաստում է իրեն հանդիմանական տոնով՝ հասկացնելով, որ տեղին չէ հաչոցը, եկողները ծանոթ են: Այդպիսով օտարների աչքին ասես հեղինակազրկվում է իր ամեհի հաչոցը: Այդ ժամանակ Ռեքսը պոչն իջեցնում է ու գնում մի պատի տակ նստում՝ տխուր հայացքը հառելով բարձր սարերին ու լուռ երազելով կանչող հեռուների մասին:

Ռեքսը սիրում է շաբաթ երեկոները, երբ գնդապետի բակում դրված երկաթե մեծ սեղանի շուրջ են հավաքվում նրա ծառայակից ընկերները: Մանղալի վրա կրակ են վառում, շամփուրների վրա վայրի խոզի կամ քարայծի միսը շարում ու սպասում մինչ կրակը ածխանա: Ռեքսը նստում է սեղանից քիչ հեռու, ականջները սրում ու հետաքրքրությամբ ունկնդրում հետախույզների զրույցները: Այդ երկար գիշերներին Ռեքսն իր համար բացահայտում է խորհրդավոր պատմություններով լի մի նոր աշխարհ: Կրկնապատկվում է դիրքեր բարձրանալու նրա փափագը, բայց տերը շարունակ կրկնում է.

-Ես շաբաթներով տանը չեմ լինում, բա տունն ո՞վ պահի, տղերք, որ շանն էլ դիրքեր տանեմ…

Խորովածի անուշ բույրը տարածվում է սար ու ձորով, վայրի գազանների ախորժակը գրգռում, իսկ Ռեքսը համբերատար սպասում է մինչ սեղանակիցները կշտանան ու իրեն բաժին հանեն ախորժելի ոսկորները…

Դատարկվում են թոթի քաշած օղու շշերը, կենացներն ավելի ինքնաբուխ են դառնում, հույզերն ու պոռթկումներն՝ ավելի անկեղծ: Ռեքսը զարմանքով լսում է սպաների սիրո ու կարոտի պատմությունները, ինքն էլ հաճելի գրգիռ ապրում, երբ սկսում է գնդապետը պատմել արտերկրում ուսանելու տարիներին իր սիրային գունեղ եւ պատկերավոր արկածների մասին:

Այսպես անցնում են տարիները, Ռեքսը՝ գնդապետի տան միակ պահապանը, օր ու գիշեր հսկում է տան շուրջբոլորը, նրա ամեհի հաչոցն արձագանքում է հարակից ձորերում՝ ահ ու սարսափ սփռելով կեր հայթայթելու բնազդով տանը մոտենալ փորձող գազանների մեջ:

Բայց մի օր էլ գնդապետը հապշտապ տուն եկավ ու սկսեց իրերը հավաքել: Ռեքսը զարմացած տիրոջը նայեց: Ժամեր անց երկու մեծ ճամպրուկ հայտնվեցին բակում, Ռեքսը մոտ գնաց, հոտոտեց, տիրոջ շորերն էին: Նա տխուր վնգստաց, բայց տերը չնկատեց նրա անհանգստությունը: Այնուհետ դարպասին մոտեցավ զինվորական մեքենան ու մի շարքային եկավ, տարավ ճամպրուկները: Ռեքսը խեղճացավ, հսկա մարմինը ծնկի իջավ տիրոջ ոտքերի առաջ: Գնդապետը կռացավ, հուզված շոյեց Ռեքսի գլուխն ու ասաց.

-Ես գնում եմ, բարեկամ: Քեզ լավ նայի, տունն աչքաթող չանես…

Ռեքսը վերջին անգամ հպվեց նրա ոտքերին, ծառս եղավ, ուզեց գոռալ, մի բան ասել, բայց շարժիչն աղմուկով միացավ ու հեռացող մեքենան անհետացավ ծխի քուլաների մեջ:

Ռեքսը մնաց մենակ գնդապետի ձորափի մեծ տան բակում: Օրերն անցնում են տխուր ու միապաղաղ, ոչ ոք չի գալիս, ոչ ոք չի սաստում իր կատաղի հաչոցը: Նա կարոտում է լռակյաց, ծանրակշիռ, բարի սիրտ ունեցող իր գնդապետին: Հաճախ է նայում հեռու սարերին ու մտածում, որ հենց էնտեղ են հայոց դիրքերը, գնդապետը: Երբեմն մտածում է վեր կենալ, անդնդախոր ձորերը կտրել անցնել, բարձրանալ ժայռերն ի վեր ու հասնել դիրքեր, բայց չի ուզում գնդապետի խոսքը գետնով տալ ու իրեն վստահված տունն անտեր թողնել:

Ռեքսը հաճախ սոված է մնում, կերակրող չունի, ման է գալիս տան հարակից տարածքում, մի հին ոսկոր գտնում, մի քիչ ուտում ու տխուր մտածում իր վաղվա օրվա մասին: Հաճախ հեռանում է տնից ուտելիք գտնելու փնտրտուքով, սակայն ոչ միշտ է գոհունակությամբ վերադառնում: Բայց տունը չի լքում…Ռեքսը հավատով սպասում է իր գնդապետի վերադարձին…

Ամիսներ անց դարպասը բացվեց ու մի բարձրահասակ երիտասարդ ճամպրուկը ձեռքին արագ քայլերով մոտեցավ շեմին: Ռեքսը վրա տվեց, իր հաչոցով ուզեց հեռու քշել անկոչ հյուրին, բայց նա մոտեցավ, շոյեց շան գլուխն ու ասաց.

-Է՛յ, Ռեքս, ես եմ քո նոր տերը…

Ռեքսը զարմացած նայեց երիտասարդ փոխգնդապետին ու սկսեց պոչը շարժել: Դա ոչ համակրանքի, այլ ավելի շատ համակերպվածության նշան է: Ժամեր անց Ռեքսը նոր տիրոջ կողմից իրեն բաժին հանած տապակած մսի ոսկորներն է ուտում՝ կարոտով հիշելով վայրի մսի ոսկորների հյութալի համը, հին օրերը, երբ ինքը ունկնդիրն էր լինում գաղտնիքներով համեմված խորհրդավոր պատմությունների: Նոր տերն ասես շատ ընկերներ չունի, մենակ է գնում-գալիս: Բայց Ռեքսի համար մեծ անակնկալը դեռ առջեւում էր:

Մի օր Ռեքսը երեխաների ձայներ լսեց եւ արեւոտ պատի տակից վեր կացավ, հաչոցով հարձակվեց եկվորների վրա: Նոր տերն այնպիսի զայրույթով սաստեց, որ Ռեքսը փոշմանեց իր հաչոցի համար: Ժամերն անցան, բայց փոքրիկ հյուրերը չգնացին: Ռեքսը հասկացավ, որ ինքն արդեն մի քանի նոր տեր ունի:

Լույսը բացվեց, դիմացի սարի ետեւից արեւի շողերը թաքուն ժպտացին Ռեքսին ու նա աչքերը բացեց: Վատ երազ էր տեսել: Ժամեր անց բակում հայտնվեցին տիրոջ շիկահեր կինն ու երեք երեխաները: Նրանք մի-մի փայտ վերցրեցին ու սկսեցին Ռեքսի հետեւից վազել: Ռեքսը կատաղի զայրույթը խեղդեց իր մեջ, ուզեց հարձակվել, սաստել չարաճճի երեխաներին, հասկացնել, որ դիրքեր գնալու, հայոց եզերքի անվտանգությունը զօր ու գիշեր հսկելու իր երազանքն ու փայտով իր հետեւից վազող երեխաների արարքները հանդուրժելը հակասում են իրար: Բայց համբերատար լռեց, որովհետեւ տերը սաստիկ զայրանում էր երեխաներին ուղղված իր հաչոցի վրա: Տիրոջ շիկահեր կինը մոտեցավ Ռեքսին ու սկսեց նրա հետ նկարվել: Ռեքսը խոժոռ հայացքը տեսախցիկին հառեց ու ծանր գռմռոցով հեռու վանեց թեթեւամիտ կնոջը:

Օրերի հետ Ռեքսի աչքերում բուն դրած թախիծը խտանում է, հուսահատության հետ միախառնված սպասման զգացողությունը ստիպում հավատալ, որ մի օր կհայտնվի իր գնդապետը, իրեն էլ կառնի զինվորական մեծ մեքենայի թափքի մեջ ու կտանի դիրքեր:

Տան պատուհաններից գիշերային խավարը փարատող լամպի լույսի ցոլքերը սահում են պատերի վրայով՝ միահյուսելով երազի ու իրականության սահմանագիծը: Ռեքսը փակ աչքերով հատելով երազների սահմանը՝ ծառս է լինում, մեծ պատնեշի վրայով ցատկում, անցնում, հասնում դեպի հեռավոր սարերը, անծայրածիր ձգվող արեւոտ դաշտերը, որտեղ հայոց եզերքի անդորրն են հսկում հայ դիրքապահները: Նա տեսնում է գնդապետին՝ զինվորական գլխարկը գլխին, աչքերը կկոցած՝ հիացմունքով իր սլացքին հետեւելիս…

Լուսաբացին, երբ աղջամուղջում սկսեցին հալվել ստվերները, Ռեքսը տան հարակից ձորով ճամփա ընկավ դեպի հայոց դիրքեր…

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031