Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գերնպատակը ոգեշնչելն է»

Հոկտեմբեր 03,2019 13:00

Ասում է Synthposium փառատոնի համակազմակերպիչը

Հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կանցկացվի երաժշտության եւ երաժշտական նորարարության Synthposium միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ավելի քան 50 երաժիշտներ, ինժեներներ եւ արվեստագետներ 15 երկրից: Նրանց թվում են շվեյցարացի կոմպոզիտոր Թոմաս Ֆելմանը, կանադացի երաժիշտ Ջես Օսբորն-Լանտյեն, Ֆրանկո-բեռլինյան dOP հաուս-նախագծի լիդեր Դեմիեն Վանդեսանդը եւ ուրիշներ:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց փառատոնի համահիմնադիր Նաիրի Սիմոնյանը, փառատոնը կներկայացնի երաժշտական տեխնոլոգիաներ, դասախոսություններ եւ սեմինարներ, կենդանի համերգների եւ թվային արվեստի ցուցահանդես, որի նպատակն է ոգեշնչել տեղական արվեստի համայնքին ստեղծագործել էլեկտրոնային եւ փորձարարական երաժշտական ոլորտում: Ներկայացնելով մասնակիցներ Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, Ճապոնիայից, Իրանից, Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից, փառատոնի նպատակն է աջակցել ժամանակակից երաժշտության եւ տեխնոլոգիաների ստեղծարարներին:

Նրա համոզմամբ, 6 տարի առաջ ստեղծված փառատոնը տեղափոխելով Հայաստան՝  ակնկալում են Synthposium-ը վերածել ակտիվ փոխազդեցության հարթակի, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ստեղծագործող անհատները կհանդիպեն փորձի եւ գիտելիքների փոխանակման նպատակով, ստեղծելով գաղափարների փոխադարձ որոնում՝ ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակով:

Թե ինչպե՞ս ստացվեց, որ Synthposium-ը տեղափոխվեց Հայաստան, այս հարցին ի պատասխան՝  Նաիրի Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք Հայաստանում արդեն իրականացրել էին միկ այլ նախագիծ` «Ուրվական» փառատոնը: Վերջինիս գաղափարը ժամանակակից երաժշտության եւ մշակույթի միջոցով խորհրդային եւ հետխորհրդային  Հայաստանի ուրվական-տարածքներում նոր փորձ ստեղծելն էր, եւ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող երաժիշտների, նկարիչների ու այլ գործիչների միջոցով՝ հին գործարաններից մինչեւ լքված մշակույթի տները կյանքի կոչելը: «Սա մեր նախորդ նախագծի յուրատեսակ շարունակությունն է»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ ցանկանում են ցույց տալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ օգուտ տալ փառատոնը մշակույթի այս կամ այն ոլորտի վրա:

«Դրա համար մենք բոլոր ջանքերը գործադրեցինք Synthposium-ը Հայաստանում իրականացնելու համար, թեեւ շատերը թերահավատորեն ասում էին` միգուցե մյուս տարի անեք»,-ժպտալով պատմում է Նաիրի Սիմոնյանը: Նրա ձեւակերպմամբ, նման փառատոնի անցկացումը, որն ամբողջ աշխարհում իրեն դրսեւորել է երաժշտության մեջ եւ արվեստում նոր տեխնոլոգիաների առումով, Հայաստանում իրադարձություն է, ուստի իրենց ցանկությունն է, որ տարեցտարի փառատոնն աճի ու ամրանա եւ աշխարհի ստեղծագործ քարտեզի վրա  Հայաստանը ամրագրվի որպես անկյուն, որտեղ տարեկան գոնե մեկ անգամ կայցելեն առաջադեմ մտքեր` արվեստում կիրառվող տեխնոլոգիաների աշխարհից:

Փառատոնի պատմության ու մարդկանց կյանքի վրա նրա անդրադարձների մասին խոսելիս, Նաիրի Սիմոնյանը նշեց. «Մեր կանխատեսումները եւ նախագծերը բխում են մեր փորձից, որը ցույց է տալիս, թե ինչպես է աճել այն մարդկանց թիվը, որոնք ինչ-որ բան են ստեղծում, մարդիկ պարզապես գալիս էին փառատոնի, տեսնում էին այնտեղ ինչ է կատարվում, մեկը ռադիոտեխնիկ էր, մյուսը մեկ այլ մասնագետ, իրենք հասկանում էին, որ իրենց զինանոցում կա ինչ-որ բան, որը կարող են նորովի օգտագործել: Փառատոնն ամեն տարի ոգեշնչում էր մարդկանց` մտածել, ստեղծել, հայտնագործել, նորարարության դիմել, քանի որ տեսնում էին, որ  ինչ-որ մեկի ստեղծածը գնում են, կամ այն հնչում է»: Եվ որ ամենակարեւորն է՝ ստեղծագործական եւ տեխնիկական ոլորտների ներկայացուցիչները շփվում են միմյանց հետ, համատեղ ինչ-որ բան ստեղծելու գաղափարներ հղանում:

Synthposium-ը հույս հայտնեց, որ միգուցե մի 3-4 տարի անց կարողանան ներկայացնել զուտ հայկական աշխատանքներ, երաժշտական գործիքներ, որոնք ստեղծվել են հայ մասնագետների կողմից, ու դրանք կհայտնվեն ստեղծագործող մարդկանց «զինանոցներում»` կոնսերվատորիականից մինչեւ ավանգարդ բնույթի:

Նրանից տեղեկացանք, որ Synthposium-ի շրջանակում անցկացվող հատուկ նախագծերը միայն մայրաքաղաք Երեւանը չեն ընդգրկի, օրինակ, նախատեսված է Ջես Օսբորն-Լանտյեի աշխատաժողովը Սարիգյուղում, նա տեղացիներին կծանոթացնի փորձարարական երաժշտության հետ. «Երեւանը զիլ է, բայց չարժի ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում: Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի հաջորդ տարի, այդ թվում եւ սիմպոզիումը, կայանան մարզերում, մասնավորապես՝ Վանաձորում, որն ասես յուրատեսակ Դետրոյթ լինի: Ու քանի որ մեր «ձեռքերը քոր էին» գալիս, դրա համար հատուկ նախագիծ ենք իրականացնում Սարիգյուղում` Լուսինե Էլարյանի եւ մեր մասնակիցների ջանքերով: Նրանք երեխաների հետ վարպետաց դասեր կիրականացնեմ, այնուհետեւ մենք կապահովենք երեխաների տեղափոխումը Երեւան, որպեսզի կարողանան վայելել փառատոնը… Մեր գերնպատակը ոգեշնչելն է»:

Նաիրի Սիմոնյանն ասաց, որ հյուրերին հատուկ չեն ներկայացնելու Հայաստանը, դա ինքնըստինքյան տեղի կունենա իրենց հյուրընկալության արդյունքում, բացի այդ, ցանկանում են որոշակի ինտրիգ պահել, որպեսզի մարդիկ ցանկանան կրկին վերադառնալ:


Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրի Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031