Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեն, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի Արփինե Հովհաննիսյանից. արձագանքներ

Հոկտեմբեր 02,2019 22:51

«Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»,- «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա այս հայտարարությանը արձագանքել ու դատապարտել են ոչ միայն Արփինե Հովհաննիսյանի կուսակցական գործընկերները, այլ նաեւ բազմաթիվ այլ գործիչներ՝ այս առնչությամբ անդրադառնալով նաեւ ընդհանրապես կին գործիչների հանդեպ ատելության խոսքին: Մեջբերենք մի քանի արձագանքներ՝ ֆեյսբուքյան գրառումներից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան. «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար: Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյան. «Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք: Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։ Քանի օր է ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաեւ «տղամարդիկ»։ Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, որովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։ Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց ոչ տղամարդ։ Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։ Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որեւէ օֆիս տպի ու բաժանի։ Էս ի՞նչ զզվելի եք դուք»:

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյան. «Արփինե ջան, անկախ քաղաքական հայացքների նմանությունից կամ տարբերությունից, անկախ տարբեր հարցերի շուրջ ունեցած պատկերացումներից, ես հիմա ներողություն եմ խնդրում բոլոր` քեզ մարդկային վիրավորանք հասցրած տղամարդկանց կողմից։ Ներողություն։

Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն կանանցից, որոնց վիրավորել են տղամարդիկ իրենց քաղաքական գործունեության ընթացքում»:

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյան. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Զարմանալ կարելի է, ու՞ր էիք դուք, երբ մի քանի օր առաջ ձեր գաղափարական գործընկեր Արամ Հարությունյանը ապտակեց ակտիվիստ կնոջը, իսկ հետո հայտարարեց,թե ինքը նրան կին չի համարում: Հը՞, տիկին Զոհրաբյան: Ձեր գորովալից գրառումը տասնապատիկ ավելի վիրավորական է,քան Անդրանիկ Քոչարյանինը: Իսկ Դուք Մարդու իրավունքների պաշտպանության հացերի ԱԺ հանձնաժողովի նախագահն եք: Ձեր բառապաշարը չափազանց գռեհիկ է նման պաշտոնյաի համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031