Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թափառող շներով կզբաղվեն երկու անասնաբույժներ․ փոխքաղաքապետի պարզաբանումը

Հոկտեմբեր 02,2019 19:40

Aravot.am-ը Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեց, թե Ազգային Ժողովի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ինչպե՞ս կլուծեն  թափառող շների հարցը․ մենք նաև հիշեցրեցինք, որ մեղադրանքներ են հնչում քաղաքային իշխանության հասցեին շների  դաժան սպանդ կազմակերպելու համար,  այս մասին անդրադարձ էր կատարել բնապահպանական տեղեկատվական կայքը։

«Դաժան բառը չափազանցված է, նախկինում եղել են դեպքեր, երբ բնակիչներից բողոքներ ու խնդրանքներ են հղվել  շատ ագրեսիվ շների վերաբերյալ, նման պարագայում վնասազերծման հազվագյուտ դեպքեր եղել են։

Ներկա պահին քաղաքապետարանի կողմից վնասազերծման պրոցես չի իրականացվում, մենք քննարկել ենք տարբեր ճանապարհներ, հանդիպումներ ունեցանք Երևանի համապատասխան ՀՈԱԿ-ի հետ, որը  շների վնասազերծմամբ է զբաղվում, որպեսզի պայմանագիր կնքեինք ստերջացման պրոցեսն իրենց մոտ իրագործելու, բայց իրենք չեն կարող շներին այստեղից հավաքել, բռնել, տանել։ Խնդիրը պետք է լուծի քաղաքապետարանը, բռնելն այնքան էլ հեշտ գործ չէ, մասնագիտական համապատասխան սարքավորումներ են պետք՝ ցանցեր և այլն։ Հետո այստեղից պիտի տանես Երևան, պիտի մնան 2-3 օր, պահելու ծախսեր կան, հետո հետ բերելը, մի շանը պահելը 22 հազար դրամի կարգի է։

Քննարկեցինք նաև «Դինգո» կազմակերպության հետ, իրենք պրոցեսն իրականացնում են Աբովյանի կանանց գաղութի մոտակայքում, իրենց կազմակերպությունն այնտեղ է գտնվում, մոտավորապես նույն պայմաններն էին՝ տեղափոխել և այլն, և այլն։ Իրենք դրանք չեն կազմակերպում, մենք ստիպված գնացել ենք հետևյալ քայլին․ գտել ենք երկու անասնաբույժ, որոնք շների գործով են զբաղվում, նրանք լիզենզավորված են,  կզբաղվեն շների ստերջացմամբ։ Մենք նաև մոտավորապես տեղն ենք որոշել, հատկացնելու ենք տեղ, այդ հարցն առաջիկայում կներկայացվի ավագանուն։ Մենք  իրենց ասել ենք ներկայացնեն նախահաշիվ, մոտավորապես ինչ բյուջե է պետք իրենց՝ շների քանակը ուսումնասիրելու և այլն, պիտի կարողանան կազմել բյուջեն, որ ներկայացնենք ավագանու քննարկմանը։ Անասնաբույժները շների ստերջացում են անելու, որպեսզի չբազմանան, խնդիրը սակայն այն է, որ ստերջացում կանեն, սակայն կողքի համայնքներից, տարբեր գյուղերից շները կարող են թափանցել Գյումրի։

Մենք մեր մասով դա անելու ենք, բայց ավելի ճիշտ կլիներ, որ կողքի համայնքներն էլ կարողանային նույն քայլերն անել, որպեսզի պրոցեսը կառավարելի լինի։ Մենք մոտավորապես տեղն էլ ունենք որոշած, մասնագետներին գտել ենք, այս պահի դրությամբ վնասազերծման որևէ պրոցես չի գնում, գնալու ենք ստերջացման, ինչպես օրենքն է պահանջում»,-ասաց Հայկ Սուլթանյանը։

Մեր հարցին՝ կա՞ թափառող շների մոտավոր քանակ, փոխքաղաքապետն ասաց․ «Դա շատ խաբուսիկ է, դրա համար ասել ենք՝ ուսումնասիրություն կատարեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031