Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ներկայացնելով մեր առանձին ծանրորդների մասնակցությունը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությանը, հատուկ անդրադարձավ ծանր եւ գերծանր քաշային կարգերին. «Գոռ Մինասյանը մրցումների ժամանակ իր կիլոգրամներն անընդհատ ավելացնում է: Հրում վարժությունում նա երբեւէ 247 կգ չէր բարձրացրել, Պատտայայում բարձրացրեց: Նա պայքարի գնում է առանց վախենալու: Դա հրաշալի հատկություն է: Բայց անկեղծ ասած, ես երբեմն դրանից վախենում եմ՝ հանկարծ տղայի հետ բան չպատահի: Գոռի այս կռվող բնավորությունը մեզ հույս է տալիս եւ ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ մենք Լաշա Տալախաձեին ձեռնոց կնետենք:
Այդպիսի հատկություններ ունի նաեւ Մարտիրոսյան Սիմոնը: Նա կարող է մարզումների ժամանակ իրեն թույլ զգալ, երբեմն նրանից կարելի է նաեւ հիասթափվել, թե ի՞նչ պիտի անի աշխարհի առաջնությունում: Բայց հենց մտնում է մրցահարթակ, կերպարանափոխվում է, կարողանում շատ արագ հավաքվել ու հատկացված մի քանի վայրկյանում ցույց տալ իր ամբողջ հզորությունն ու էությունը», – ասաց պարոն Ալավերդյանը:
Գլխավոր մարզիչը բավարարված է, որ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, բայց դժգոհ է, որ այս անգամ մարզիկը մրցակիցներին թույլ տվեց արդյունքներով իրեն շատ մոտենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ