Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Արամ Հարությունյանն ինձ ասաց՝ նախագահական ընտրություններին փող ա պետք, փող պիտի ծախսեմ»

Հոկտեմբեր 02,2019 18:45

Այսօր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ կաշառք ստանալուն օժանդակելու գործով դատական նիստին հարցաքննվեց գործարար Սիլվա Համբարձումյանը։

Այսօր ի պատասխան պաշտպանական կողմի հարցի, Համբարձումյանն ասաց, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար Արամ Հարությունյանին առաջին անգամ 600 հազար դոլարը կանխիկ փոխանցել է 2008 թվականի հունվարին, գումարը փոխանցել է Սուրեն Աբրահամյանի միջոցով: Մյուս փոխանցումներն, ըստ Համբարձումյանի, Արամ Հարությունյանի ցուցումով է կատարել՝ գործով ամբաստանյալ Արաքս Դիլանյանի հաշվեհամարին է փոխանցել՝ Դուբայ:

Aravot.am-ի հետ զրույցում Արաքս Դիլանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ավետիք Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Սիլվա Համբարձումյանի այսօրվա ցուցմունքը իր նախաքննական ցուցմունքից էականորեն տարբերվող էր որոշակի հանգամանքների շուրջ. «Հանգամանքներ կային, որ 2 ամբաստանյալների՝ Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արաքս Դիլանյանի մասով վկայի ցուցմունքը մեղադրական բնույթի չէին: Նշում էր այնպիսի հանգամանքներ, որոնք եթե իրականություն լինեին, ապա այս երկու ամբաստանյալների մեղքը հիմնավոր չէր: Օրինակ՝ նշեց, որ չգիտի Արաքս Դիլանյանն այդ գումարն ընդունել է որպես կաշառք, թե՝ ոչ, կամ ով կարող է ասել, որ Արաքս Դիլանյանն այդ գումարն ընդունել է որպես կաշառք: Սա վկայում է այն մասին, որ քրեական գործով անցնող որեւէ անձ Արաքս Դիլանյանի կողմից այդ գումարը կաշառք ընկալելու վերաբերյալ տեղեկություն չի հայտնել»:

Արաքս Դիլանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի՝ Արամ Հարությունյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Փաստաբանն ասաց, որ դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի հաջորդ դատական նիստին հրապարակվեն Սիլվա Համբարձումյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հակասություններ կան այսօրվա եւ նախաքննականի միջեւ: Սակայն դատարանն այդ հարցին չանդրադարձավ, այլ գործով ծանրաբեռնված էր, որոշեց այդ հարցին անդրադառնալ հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին:

Այսօր դատական նիստին Սիլվա Համբարձումյանը պատասխանելով պաշտպանական կողմի հարցին, ասաց, որ Արամ Հարությունյանին կաշառք տալու նպատակը եղել է 25 տարով հանքի արդյունահանման լիցենզիա ստանալը. «Արամ Հարությունյանի հետ քննարկումները եղել է 2008-ին, 14 միլիոնն ուզել է բաց հանքի համար, ասում էր՝ մեկը 6 միլիոն է առաջարկել: Քոնը 10 հանք է՝ 14 միլիոն տուր»:

Համբարձումյանն ասաց, որ Արաքս Դիլանյանի փոխանցումը եղել է փետրվարի 2-ին, Արամ Հարությունյանի ցուցումով, 8 միլիոն դոլար է փոխանցել Դիլանյանի՝ Դուբայի հաշվեհամարին: Պաշտպանի հարցին՝ 14 միլիոն դոլար կաշառքը 40 միլիոն դոլարի գործարքի հետ կապ չունի՞, Համբարձումյանը պատասխանեց. «14 միլիոնն իմ 40 միլիոնից եմ տվել: Իմ փողը տվել եմ, որ նոր հանքեր տա: Ոնց տրամադրվեց, այնպես էլ անվավեր ճանաչվեց, քանի որ Արամ Հարությունյանն այլեւս բնապահպանության նախարար չէր, նախարարությունն անցել էր Էներգետիկայի նախարարությանը։ Այդ ժամանակ Արմեն Մովսիսյանն էր նախարարը, էնտեղ էլ ասել էին՝ Սիլվան փեշով փող է տվել Արամ Հարությունյանին, նա էլ արագ զրկեց ինձ լիցենզիաներից, իսկ Արամ Հարությունյանը պարտավոր էր իր ասածն անել»:

Համբարձումյանը դատարանում նաեւ պատմեց Արամ Հարությունյանի հետ կաշառքի պայմանավորվածության մասին. «Ես ասել եմ կաշառքը կտամ կանխիկ, մաս-մաս, երկար ժամանակով: Իրեն հարմար չէր, ասաց նախագահական ընտրություններին իրեն գումար է պետք, ասաց՝ փող պետք ա ծախսեմ: Ասացի՝ ուզո՞ւմ եք փոխանցեմ, ասաց ուզում եմ, ասացի՝ որտե՞ղ եք ուզում»: Եվ պայմանավորվել էին Դուբայ փոխանցել, ըստ Համբարձումյանի, Արամ Հարությունյանը Արաքս Դիլանյանի հաշվեհամարն է տվել. «Հետո ինքը ինչ պիտի աներ՝ ինձ չէր հետաքրքրում: Բայց հետո Դուբայի բանկերից իմացա, ու դա էլ ապացուցեցի, որ Արաքս Դիլանյանը գումարը փոխանցել է Արամ Հարությունյանի 3 ընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյանին, Գագիկ Կարապետյանին եւ Արմեն Խաչատրյանին»:

Նշենք, որ գործով ամբաստանյալներ Արաքս Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ՝ կալանավորումը։

Ըստ մեղադրանքի, Վիկտոր Մարտիրոսյանը օժանդակել է պաշտոնատար անձի՝ Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մտահոգ ՀՀ քաղաքացի says:

    այս գործով բոլորը պետք է պատիժ կրեն …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031