Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Հոկտեմբեր 02,2019 18:03

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին աջակցելու պետական նշված ծրագրերի շրջանակներում 2012-2014թթ. ընթացքում Լուսաղբյուր համայնքին հատկացվել է ընդհանուր 9.8մլն դրամ արժողությամբ 61.350 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացու, իսկ 2015թ. ընթացքում՝ 10.8մլն դրամ արժողությամբ 90.100 կգ ազոտական պարարտանյութ: Սակայն համայնքի ղեկավար՝ ներկայումս հանգուցյալ Մ. Խ.-ն ստացած պարարտանյութի և ցորենի սերմացուի մի մասը բնակիչներին չէր հատկացրել, իսկ հատկացվածի դիմաց բնակիչների վճարած գումարների մի մասը չէր փոխանցել համապատասխան կազմակերպությունների առանձնացված հաշվեհամարին: Փոխարենը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16.3մլն ՀՀ դրամ արժողությամբ պարարտանյութը և աշնանացան ցորենի սերմացուն, ինչպես նաև դրանց մի մասի դիմաց վճարված գումարը:

Մ. Խ.-ի մահվամբ պայմանավորված՝ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում հարուցել: Սակայն դատախազական արդյունավետ հսկողության ներքո ձեռնարկված մեծածավալ  քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքապետի մահվանից հետո, Լուսաղբյուր համայնքի ղեկավար ընտրված Ա. Հ.-ն, տեղեկացված լինելով դեռևս 2015թ. ընթացքում պարարտանյութեր գնած կամ ստացած շահառուների ցուցակներում ձևական անձանց վերաբերյալ տեղեկություններ ներառված լինելու և նույն ցուցակներում ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականների՝ եղբայրների, հորեղբոր, մոր, կնոջ, եղբոր կնոջ ընդգրկված լինելու հանգամանքի մասին, առանձնապես խոշոր չափերի պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու, իր և իր մերձավորների գույքային կամ նյութական այլ պատասխանատվությունից զերծ պահելու շահադիտական դրդումներից ելնելով, 2017թ. համայնքապետարանի 2 աշխատակիցների օժանդակությամբ կազմել է համայնքի ազոտական պարարտանյութ և աշնանացան ցորենի սերմացու ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ: Դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ և ցորենի սերմացու ստանալու, դրանց դիմաց վճարումներ չկատարելու, պարարտանյութի ու աշնանացան ցորենի սերմացուի գծով պարտքեր ունենալու, ինչպես նաև պարարտանյութի շահառու չհանդիսացող մտացածին անձանց կամ նախկին ցուցակում ընդգրկված շահառուների անվամբ հատկացված պարարտանյութի քանակի վերաբերյալ:  Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզպետարան, որի հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել է Լուսաղբյուր համայնքին հատկացված 7.9մլն ՀՀ դրամ գումարի ազոտական պարարտանյութի և 8.4մլն ՀՀ դրամ գումարի աշնանացան ցորենի սերմացուի պարտավորությունները: Այդ կերպ խաբեության եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Նկարագրված արարքները կատարելու համար Լուսաղբյուր համայնքի ղեկավար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի   1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի վերոնշյալ երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38,314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը  և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031