Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին:
STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում հյուրընկալելու վերաբերյալ կազմակերպիչների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ցյուրիխում կայացած STARMUS-ի 5-րդ փառատոնի շրջանակներում:
Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել ու կրթել հետազոտողների նոր սերնդի և գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնել երիտասարդների համար: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ