«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական եւ կարեւոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման, այլ նաեւ կարծրատիպերը կոտրելու եւ հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ աշխատանքի համար վերջերս հանդես է եկել կարեւոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի եւ թիրախավորումների դեմ պայքարի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակը շարունակում է նախաձեռնել եւ իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ՝ Եվրոպայի Խորհրդի, UNFPA, USAID եւ ԵՄի, ինչպես նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
Հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ եւ խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստող արշավ՝ ուղղված կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարին՝ «դեմ եմ բռնությանը» կոչով: Պայքարելով կանանց եւ ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք, ապահով միջավայր եւ առողջ հասարակություն: Իսկ հայ հասարակության համար ընտանիքը շատ կարեւոր է: Սակայն չի կարող լինել երջանիկ ընտանիք, եթե կա բռնություն: Այս արշավի նախաձեռնողները հիմնականում կենտրոնացել են մարզերի վրա եւ կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան: Միաժամանակ, արշավին ակտիվորեն մասնակցում են ճանաչված մարդիկ եւ մասնավորապես տղամարդ դերասաններ: Ինչո՞ւ եմ ես սա նշում: Որովհետեւ, իմ համոզմամբ, տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը: Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքների:
Այսպիսով, այս հարցում մենք ունենք սերտ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հայտնի մարդկանց եւ, իհարկե, կառավարության միջեւ:
Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է մեզ համար»:
Կարդացեք նաև
ՀՀ ազգային ժողով