Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման տարածաշրջանային մեխանիզմը Եվրամիության նախագծերից է, որը աշխատում է Արևելյան գործընկերության վեց երկրների հետ՝ Հայաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան և Բելառուս։
Նախագիծն աջակցում է Եվրամիության պատվիրակություններին՝ քաղաքացիական հասարակությունների հետ աշխատանքին, նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը, նաև ամեն տարի երիտասարդ առաջնորդներին տրամադրում է կրթաթոշակներ։
Ամեն տարի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակ ծրագրի շրջանակներում ընտրվում է 20 կրթաթոշակառու, որոնք ստանում են 5000 եվրո դրամաշնորհ՝ իրենց ծրագրերը իրականացնելու համար։ Այս տարվա սեպտեմբերի 9-11-ը ծրագրի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որի ընթացքում կրթաթոշակառուները ոչ միայն միմյանց հանդիպեցին, այլ նաև հնարավորություն ունեցան լսել տարբեր փորձագետների դասախոսություններ։
Կարդացեք նաև
Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման տարածաշրջանային մեխանիզմ ծրագրի թիմի առաջնորդ Մոնիկա Բուկուրենչիուն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կրթաթոշակառուները ապագա առաջնորդներն են, և այս տարվա միջոցառման նպատակն է ծանոթացնել նրանց ժամանակակից միտումներին։
«Նրանք շատ տարբեր են. նրանցից ոմանք հետաքրքրված են բնապահպանությամբ, ոմանք հետաքրքրված են առողջապահությամբ, ոմանք էլ՝ գյուղական համայնքների զարգացմամբ։ Բայց նրանք ունեն ընդհանուր մի բան՝ մենք կարծում ենք, որ նրանք ներուժ ունեն դառնալու առաջնորդներ իրենց երկրներում»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրամիությունը ցանկանում է, որ Արևելյան գործընկերության երկրներում լինեն այնպիսի առաջնորդներ և քաղաքականություն մշակողներ, որոնք բաց են եվրոպական արժեքներին և ում հետ կարող են աշխատել։ «Կարծում եմ՝ Եվրամիությունը այսպիսով ցանկանում է կապ պահել այս երկրների հետ՝վստահ լինելով, որ ապագա առաջնորդները հասկանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում եվրոպական արժեքները։
Ծրագիրն արդեն ձևավորել է իր ավանդույթները և ամեն տարի ընտրվում է տարվա լավագույն կրթաթոշակառուն։ Նախորդ տարի լավագույնն էր համարվել Հայաստանը ներկայացնող Թագուհի Խառատյանը։ Թագուհին Դիլիջանից է, նա այնտեղ աշխատում է երիտասարդ կամավորների հետ՝ օգնելով նրանց փոփոխություններ կատարել իրենց համայնքներում։
«Ծրագիրը տալիս է մեծ փորձ, որովհետև դուք եք ծրագրի համակարգողը, դա ևս մեկ մարտահրավեր է, որպեսզի դուք զարգացնեք ձեր հմտությունները, որոնք կարող եք հետագայում օգտագործել ավելի մեծ ծրագրեր իրականացնելիս»,- ասաց նա՝ հավելելով, որ կրթաթոշակի ընթացքում արդեն հասցրել են երեք անգամ հանդիպել, և այդ հանդիպումների ընթացքում իրենց հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ Արևելյան գործընկերության երկրներում ապրող կրթաթոշակառուների հետ։ «Մենք փորձում ենք համատեղ ծրագրեր իրականացնել, արդեն նմանատիպ ծրագիր ունեցել ենք ուկրաինացի կրթաթոշակառուի հետ, և պլանավորում ենք նաև համագործակցել նաև վրացիների հետ»։
Թագուհու խոսքերով՝ կրթաթոշակը մեծ հնարավորություններ է տալիս երիտասարդներին, նախ իրենց մասին իմանում են Արևելյան գործընկերության երկրներում, նրանք դառնում են թիմի անդամ և իրենց առաջ նոր հնարավորություններ են բացվում. «Արդեն երկրորդ տարին է, որ ես ավարտել եմ ծրագիրը, բայց մինչև հիմա ներգրավված եմ աշխատանքներում»։
Թագուհու ծրագիրը Դիլիջան համայնքում երիտասարդների հզորացման նպատակն ուներ, որի ընթացքում 13-17 տարեկան 40 երիտասարդ սովորել են գրել ծրագիր, կազմել ծրագիր, գտնել գործընկերներ։ Դասընթացներ անցնելուց հետո նրանք իրականացրել են ծրագրերը, աշխատել են մենթորների հետ. «Դա իրենց տվել է փորձ, որը հետագայում իրենք կօգտագործեն այլ ծրագրեր իրականացնելիս։ Այսինքն՝ ծրագրի նպատակը և համայնքում փոփոխություններ կատարելն էր, և երիտասարդներին հզորացնելը, ինչի արդյունքում մենք ունեցանք երկու նախադպրոցական սենյակ գյուղերում, Դիլիջան համայնքում կանգառ ենք վերանորոգել, ցուցահանդես ենք կազմակերպել Դիլիջանի համայնքային կենտրոնում։ Ծրագրի ավարտից հետո խումբը դեռ կա, շարունակում է աշխատել և այլ նախագծեր է իրականացնում՝ իրենց ստացած հմտությունները օգտագործելով»։
Իր խոսքերով՝ լավագույն կրթաթոշակառու ճանաչվելու համար առանձնապես ջանք չի գործադրել, պարզապես կատարել է իր աշխատանքը։ «Ես չեմ մտածել հաղթանակի մասին, ես մտածել եմ իմ ծրագիրը իրականացնելու և համայնքին օգուտ տալու մասին»,- ասում է Թագուհին՝ նշելով, որ արդեն որպես լավագույն կրթաթոշակառու սկսեց ավելի շատ համագործակցության առաջարկներ ստանալ, հնարավորություն է ստացել Չեխիայում մասնակցել յոթօրյա առաջնորդության ծրագրի. «Գլխավոր ձեռքբերումը եղել է ծրագրի ընթացքում, իսկ ընտրվելուց հետո մի շարք ճանապարհորդություններ ունեցա, մարդիկ սկսեցին ճանաչել, փորձում են կապ հաստատել։ Մտածում են՝ քանի որ լավագույնն ես, նշանակում է, որ ծրագիրդ էլ ես լավ արել»։
Այս տարի լավագույն կրթաթոշակառու ճանաչվեց Կարինա Լիտվինովան Ուկրաինայից։ Նրա խոսքերով՝ ծրագիրը լավ հնարավորություն էր իր համար, նրան շատ էր դուր եկել ծրագրի ֆորմատը, որ կրթաթոշակառուները կարող են միասին համագործակցել. «Իհարկե, քո գաղափարը մեծ աջակցություն է ստանում, սա մի հնարավորություն է իրագործել այդ գաղափարը»։
Նրա ծրագիրը հետազոտություն էր Ուկրաինայում խոշորացված համայնքների վերաբերյալ. «700-ից ավել խոշորացված համայնք կա Ուկրաինայում, որոնք ստեղծվել են այսպես կոչված ապակենտրոնացման բարեփոխումից հետո՝ 2016 թվականին։ Այսպիսով` սա նորույթ է ուսումնասիրության առումով, նամանավանդ էլեկտրոնային բաղադրիչը՝ էլեկտրոնային կառավարումը, էլեկտրոնային ժողովրդավարությունը»։
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է էլեկտրոնային ծառայությունների քարտեզ, այսպիսով՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր գտնել իր համայնքը և տեսնել, թե ինչ էլեկտրոնային ծառայություններ են հասանելի իր համար։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր կրթաթոշակառուն արժանի է ճանաչվել լավագույնը, քանի որ բոլորն էլ ջանքեր են գործադրել իրենց հասարակությունում դրական փոփոխություններ կատարելու համար։ Իհարկե, սա մեծ անակնկալ էր ինձ համար, և ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր աջակցել են իմ ծրագրի իրականացմանը»։
Կարինայի խոսքերով՝ ինքը շարունակելու է ծրագիրը և այժմ այցելելու է ուկրաինական գյուղեր, այնտեղ կազմակերպելու է հաքաթոններ, որոնց ընթացքում այս խոշորացված համայնքներին նոր ՏՏ լուծումներ են առաջարկվելու։ Եվ շնորհիվ իր մասնակցությանը այս ծրագրին նա հույս ունի, որ կկարողանա իր կատարելագործել իր հմտությունները և ավելի ակտիվ շարունակել իր գործունեությունը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ