Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննն արձագանքեց Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե «Արսեն Թորոսյանը տվել է կեղծ ցուցմունք»:
Նրա խոսքով՝ «Ես փետրվարին խոսել եմ սրա մասին եւ հայտնել եմ այն, ինչ կասեմ հիմա, որ ինձ հայտնի տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: Եթե կա գործում որեւէ հիմք ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու, կամ մեղադրանքը հանելու, կամ գնահատական տալու գործողություններին, ապա դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում մտնել այդ քրեադատավարական գործընթացների մեջ: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»:
Մեր հարցին՝ Դավիթ Սանասարյանն ասում է, որ տպավորություն է՝ ձեր եւ Ադյանի ցուցմունքները մի սենյակում են գրվել, իրար փոխլրացնող են, դուք մի սենյակո՞ւմ եք ցուցմունք տվել՝ Թորոսյանը պատասխանեց. «Ազգանունն ի՞նչ ասիք, Ադյա՞ն, ես էդ մարդուն անձամբ չեմ ճանաչում: Ես տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է տվել: Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Եթե որեւէ գործողության կամ որեւէ հայտնի ինֆորմացիայի մասին տվել են նմանատիպ ցուցմունքներ, դա նույնպես հիմք է գործը քննող մարմինների կողմից հաշվի առնելու՝ ապագայում իրենց որոշումները կայացնելիս»:
Դիտարկմանը՝ Դուք ասացիք, որ ձեզ հայտնի փաստերն եք ներկայացրել, բայց Դավիթ Սանասարյանն ասում է, որ այդ փաստերից ոչ մեկը չի ապացուցվել՝ Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Դա իմ խնդիրը չի, եթե ես ինձ հայտնի տեղեկատվություն եմ ներկայացրել, ապա ապացուցման բեռը իրավապահ մարմիների վրա է եւ ոչ թե իմ»:
Կարդացեք նաև
Ճշտեցին՝ այսինքն, դուք մտավախություն չունե՞ք, որ կարող է ձեր ցուցմունքները ստուգվեն եւ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերեն՝ նախարարը պատասխանեց. «Ոչ թե մտավախություն չունեմ, դա նորմալ գործընթաց է, որ ցանկացած իրավական պրոցեսի ժամանակ տեղեկատվությունը բազմակողմանի պետք է ստուգվի: Իմ ցուցմունքները կեղծ չեն եւ հիմնված են միայն իմ կողմից տիրապետած ինֆորմացիայի վրա»:
Մենք փոխանցեցինք՝ Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ կարեկցում է ձեզ եւ հանցակազմ կա ձեր գործողություններում, ո՞րն է ձեր արձագանքը՝ նա պատասխանեց. «Եթե ՀՀ որեւէ քաղաքացի կամ ոչ քաղաքացի կարծում է, որ որեւէ մեկի գործողություններում կա հանցակազմ, նա կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար: Անձնական դաշտ չէի ուզենա մտնել, որովհետեւ ի տարբերություն իրեն, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետեւություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»:
Հարցին՝ եթե դատախազությունը, քննչական մարմիններն ապացուցեն, որ, այնուամենայնիվ, Դավիթ Սանասարյանն անմեղ է, դուք դրանից հետեւություններ կանե՞ք եւ հրաժարական կտա՞ք՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այսինքն, դրա հիման վրա հրաժարակա՞ն տամ: Հրաժարականի մասին հետեւություններ անում եմ ամեն օր, չեմ սպասի իրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ