Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարի տեսակետը՝ «գորշ գոտիների» և ԵԽ-ի ֆինանսական խնդիրների մասին

Հոկտեմբեր 02,2019 16:31

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հոկտեմբերի 2-ին ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նա նշեց, որ խոսում է ֆրանսերեն, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում օգտագործելու է ԵԽ բոլոր պաշտոնական լեզուները:

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց՝ իր համար առաջնահերթություն է անդամ երկրների իրավունքների պաշտպանությունը, բայց միևնույն ժամանակ շեշտեց՝ անդամ երկրները պետք է կատարեն նաև իրենց ստանձնած հանձնառությունները:

Խոսելով ԵԽ-ում ֆինանսական իրավիճակի մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վստահեցրեց. «Այն ֆինանսական ճգնաժամը, որը Եվրոպայի խորհրդում առաջացել էր անդամ պետություններից մեկի՝ որպես անդամ իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, այժմ հաղթահարված են»:

Խոսելով բարեփոխումների մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշեց. «ԵԽ-ն վեջին տասը տարիների ընթացքում մեծ թափով բարեփոխումներ է իրականացրել, ինչը լուրջ հիմք է, որի վրա կարելի է հետագայում գործունեություն ծավալել: Այս գործընթացում ինստիտուցիոնալ բարեփոխումների իմաստը մեր կարողությունների բարելավումն է ու ցույց տալը, որ կարող ենք առաջ գնալ: ԵԽ անդամ երկրները պետք է առանց նախապայմանների հարգանք դրսևորեն միջազգային իրավունքի, օրենքի գերակայության նկատմամբ, ներառյալ Կոնվենցիայի դրույթներին հավատարիմ մնալը»:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ նաև Եվրոպայի տարածքում այսպես կոչված «գորշ գոտիներին» և հակամարտություններին ու ասաց. «Գիտեմ, որ սա բարդ հարց է որոշ անդամ երկրների համար: Բայց ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի լինի կառուցողական երկխոսություն»:

ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամները ԵԽ գլխավոր քարտուղարից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Վեհաժողովը նմանատիպ երկու իրավիճակներում՝ օրինակ՝ չեչենական պատերազմի տարիներին և ռուս-ուկրաինական հարաբերություններում դրսևորում տարբեր մոտեցումներ:

Մեկ այլ պատվիրակ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ԵԽ-ի 70-ամյակին նվիրված՝ հոկտեմբերի 1-ին անցկացված միջոցառումներին չէր մասնակցում ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Հնչած բոլոր հարցերին ի պատասխան՝ ԵԽ գլխավոր քարտուղարը տվեց ընդհանուր պատասխաններ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ռուս պատվիրակի հարցին ընդհանրապես չանդրադարձավ, Կոնգրեսի հետ կապված հարցին ի պատասխան ասաց, որ Կոնգրեսը ԵԽ-ի կարևորագույն կառույցներից է:

Ֆինանսական թեմայով հարցերին ի պատասխան՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ կարևորում է ԵԽԽՎ-ում իրավիճակի վերաբերյալ արտաքին ուսումնասիրությունները, որպեսզի պահպանվի օբյեկտիվությունը:

Նաև շեշտեց՝ միայն պատժամիջոցների լեզվով չեն ցանկանում խոսել անդամ պետությունների հետ, այլ եթե կա խնդիր, պետք է ձեռք մեկնել երկրին և հասնել նրան, որ այդ երկիրն ինքն էլ համաձայնվի, որ կա խնդիր և այն լուծել է պետք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031