Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննիչը ծեծված սպայի համար ցույց անող «Այլընտրանքի» ներկայացուցիչներին. Եթե ունեք ինֆորմացիա, հիմա նստեք՝ դիմումի ձեւով ձեւակերպեք

Հոկտեմբեր 02,2019 15:52

«Մենք այստեղ կսպասենք այնքան ժամանակ մինչեւ որ մեր ունեցած տեղեկատվությունը հաստատվի եւ Վայոց Ձորի մարզպետն անձամբ այցելի քննչական կոմիտե եւ առերեսվի դեպքին մասնակիցների հետ, ովքեր պնդում են, որ մարզպետն անձամբ մասնակցել է կռվին»,-այսօր այսպիսի հայտարարություն արեցին Քննչական կոմիտեի մոտ բողոքի ցույց կազմակերպած «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում մի քանի անձիք ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը գլխի շրջանում ստացած ծանր վնասվածքով այժմ գտնվում է ՊՆ կենտրոնական հոսպիտալում:

Ըստ մամուլում առկա տեղեկատվության, փոխգնդապետին հարվածողը Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է:

«Այլընտրանքի» անդամները ցույցի էին եկել «սպային հարվածողը հարվածում է ազգին», «ձեռքներդ հեռու հայոց սպայից» բովանդակությամբ պաստառներով:

Կազմակերպության ներկայացուցիչներն ասացին, որ պահանջում են արդար դատաքննություն եւ չեն հեռանալու, մինչեւ որ երաշխիքներ չստանան, որ բոլոր մեղավորներն են պատժվելու:

«Պարոն մարզպետը, եթե լիներ անմեղ չէր հայտարարի իր հրաժարականի մասին, որովհետեւ, ինչպես գիտեք, հեշտ չէ հրաժարվել բարձր պաշտոնից, սակայն եթե հրաժարվել է ու դրա գինը լինի սպային հարվածելը եւ այդ գործի վերջում ուղղակի հրաժարականով պրծնեն, մենք դա թույլ չենք տալու»:

«Այլընտրանքի» ներկայացուցիչները նաեւ ասացին, որ ունեն հավաստի տեղեկություններ, որ դեպքին անմիջական մասնակցություն է ունեցել մարզպետը. «Մարզպետը այլ վկաներով, ճնշումներով փորձում է ազդել քննչական գործողություններ իրականացնող մարմնի վրա, որպեսզի անձամբ իր մասնակցությունը հերքվի: Եվ մենք քաղաքացիական հասարակության մեր աջակցությունն ենք ցուցաբերում, որպեսզի որեւէ մեղավոր, անկախ իր զբաղեցրած պաշտոնից անպատիժ չմնա»:

Որոշ ժամանակ անց կազմակերպության ներկայացուցիչներին ընդունեց Քննչական կոմիտեի հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նա ասաց, որ քրեական գործի հարուցումից շատ կարճ ժամանակ անց կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատկապես կարեւոր գործերի գլխավոր վարչությանը. «Գործը գտնվում է Կոմիտեի նախագահի անձնական հսկողության տակ, գործի տեղափոխելը գլխավոր վարչություն մեկ նպատակ ունի՝ արագ արձագանք եւ բոլոր մեղավորների պատասխանատվություն եւ դուք դա միանշանակ տեսնելու եք»:

Արթուր Մելիքյանը ցույցի մասնակիցներին հորդորեց, որ, եթե ունեն վառ ապացույցներ, ներկայացնեն քննչական մարմնին. «Եթե, նույնիսկ, կա ինֆորմացիա, որը կողքից լսել եք, որը գործում չկա, եւ այլն, կամ գործում կա՝ ես ձեզ հիմա չեմ բացահայտում, ես ձեզ խնդրում եմ, հիմա նստեք՝ դիմումի նման ձեւակերպենք: Ես խոստանում եմ 30 րոպեի ընթացքում դիմումին կծանոթանա եւ կոմիտեի նախագահը եւ գլխավոր վարչության ղեկավարը եւ քննչական խմբի ղեկավարը եւ դա կդառնա քննության առարկա: Ավելին ասեմ՝ եթե հիմա դուք ունեք տեսագրություն, վառ ապացույցի համար եմ ասում, որ ձեռքի տակ կա, միգուցե մերոնք դեռ չեն ձեռք բերել, կողմ կա որ պահում է, չի ուզում քննիչները տեսնեն, բացահայտեն, բայց դուք ունեք այդ ապացույցները, հանգիստ կարող եք ներկայացնել լրատվամիջոցների առաջ, մենք սիրով դա կընդունենք շնորհակալ կլինենք ձեզ, որ օգնեք, կցենք գործին եւ դա դարձնենք քննության առարկա»:

Արթուր Մելիքյանը հորդորեց քաղաքական պահերը դնել մի կողմ. «Մենք հիմա առարկայական քննարկում ենք քրեական գործը»:

«Այլընտրանքի» ներկայացուցիչները հավաստիացրին, որ իրենց հավաքում քաղաքական որեւէ ենթատեքստ չկա. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ, եթե որեւէ փաստ մեր ձեռքի տակ ունենանք՝ կտրամադրենք»:

Ցույցի մասնակիցներն ասացին, որ կոմիտեի ներկայացուցչի պատասխանները իրենց այս պահին բավարարում են եւ այդ պատճառով ակցիան կդադարեցնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031