Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայլերին թողել եք, ընկել եք ուրիշների հետեւից, միլիարդները թողել եք, ընկել եք ո՞ւմ հետեւից». Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, որ 4-րդ դասարանից աշխատել է ու հարստացել

Հոկտեմբեր 02,2019 15:22

Հեղափոխությունից հետո համայնքապետարաններում, քաղաքապետարաններում ստուգումներ են արվում ու տարբեր չարաշահումներ հայտնաբերում:

Այսօր լրագրողները ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարցրեցին՝ մտահոգություն չունի՞, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ կապված մի բացահայտում լինի, ալան-թալան իր ժամանակ չի՞ եղել: Նա պատասխանեց. «Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ամեն 3 ամիսը մեկ 12 հոգի Գյումրու քաղաքապետարանը ստուգել են եւ ի ուրախություն մեզ, այ էսպես պարզճակատ ես կանգնած եմ ձեր աչքի առջեւ: Մի՛ մտածի, մենք էնքան աշխատանք ենք կատարել, էնքան լավ բաներ ենք արել, որ հավանական է՝ Անդրկովկասի ամենաօրինակելի քաղաքապետարանն ենք եղել: Մեկ-մեկ որ ինձ ասում են՝ պարո՛ն Ղուկասյան, էսքան գործը որտեղի՞ց ես անում, ծախսային մասը տեսեք, ամենաէժանն ու ամենաորակովը արել ենք մենք»:

Հարցրեցին՝ իսկ կուտակած ունեցվա՞ծքը՝ Վարդան Ղուկասյանն այսպես բացատրեց. «Ես 4-րդ դասարանից աշխատել եմ, աղջիկ ջան, այլ շառուշուռի հետեւից չեմ ընկել, մինչեւ էսօր էլ աշխատում եմ ես էլ, իմ եղբայրներն էլ: Խորհրդային միության ժամանակահատվածում ջիպերն էլ ենք ունեցել, երկու հարկանի բնակարաններն էլ ենք ունեցել, հիմա էլ բանկերի տակ ենք, դու էդպես սխալ եք ներկայացնում, լավ իմացեք: Դուք ուղղակի գայլերին թողել եք, ընկել եք ուրիշների հետեւից, միլիարդները թողել եք, ընկել եք ո՞ւմ հետեւից, ցավում եմ»:

Մեր դիտարկմանը, որ Հայաստանում «չոր» աշխատավարձով դժվար թե այդքան հարստություն կուտակվեր՝ Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ես Լենինականի առաջին կոոպերատիվներն եմ ունեցել՝ գուլպա-նասկեղենի, տրիկոտաժի, անասնապահության համար 1 ֆերման, Ռուսաստանում հսկայական գործ…մի խոսքով, արխային եղի, դրա վերաբերյալ ինձ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, դուք մտածեք ձեր տերերի մասին»:

Երբ հակադարձեցինք, թե «տեր» ասելով ի՞նչ նկատի ունի՝ նա պատասխանեց. «Տա Աստված, որ ձեր տերը Աստված լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031