Արարատ քաղաքի բնակիչներն արդեն մի քանի տարի է՝ բողոքում են տրանսպորտի չկարգավորվող խնդրից: Մեզ հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ հատկապես ուսանողների համար շատ դժվար է. «Բացի այն, որ թե գնալիս և թե գալիս կանգնած ես լինում, շատ հաճախ միկրոավտոբուսները չեն կանգնում, որովհետև մեջը տեղ չի լինում դուռը բացելու համար: Վերջերս մի երիտասարդ աղջիկ մնաց Երևանում, հենց նույն պատճառով, միկրոավտոբուսը չկանգնեց: Թե ոնց պետք է վերադառնար՝ չգիտեմ»:
Անահիտ Հակոբյանի խոսքով էլ՝ նոր չէ խնդիրը: «Արդեն 4 տարի է, ինչ այս վիճակն է, եթե չհասցրիր շուտ բարձրանալ ավտոբուս, ուրեմն ոչ նստելու տեղ կունենաս ու ոչ էլ անգամ կանգնելու»,- իր խոսքում նշեց Արարատի բնակչուհին:
Խնդրի հետ կապված փորձեցինք զրուցել Արարատ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը կարգավորող (диспетчер) Շիրակ Նազարյանի հետ. «Ընդհանրապես, պետք է միկրոավտոբուսները աշխատեն 20-30 րոպե ընդմիջումով, բայց հիմա աշխատում են 50-60 րոպեով: Երթուղին ապահովում են ընդամենը չորս մեքենա: Միկրոավտոբուսներ չունենք` փչացել են, վարորդներ չկան»:
Խնդրի պարզաբանման համար դիմեցինք Արարատ քաղաքին միկրոավտոբուսներ տրամադրող «ԼԻԳԱ» կազմակերպության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանին: Նրա խոսքով, մի քանի անգամ արդեն դիմել են նախարարություն, ավտոբուսների թիվն ավելացնելու նպատակով, սակայն ոչ մի արձագանք չի եղել. «Անընդհատ բողոքում են բնակիչները, որ շատ ուշ ուշ են աշխատում, բայց մենք ունենք հատուկ ծրագիր, ըստ որի` միկրոավտոբուսները 30 րոպեն մեկ կաշխատեն: Սպասում ենք իրենց որոշմանը, մենք պատրաստ ենք շահագործման հանել ևս 3 մեքենա և տրանսպորտը կլինի 30 րոպե հաճախականությամբ»։
ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրենց այդ հարցով ոչ ոք չի դիմել. «Եթե որևիցե մեկը մեզ դիմած լիներ, խնդրին լուծում կտայինք: Միշտ պատրաստակամ ենք քննարկել»:
Նա նաև ավելացրեց, որ կսպասի «ԼԻԳԱ» կազմակերպության առաջարկին, ըստ որի` 30 րոպե հաճախականությամբ կաշխատեցնեն միկրոավտոբուսները: Ընդգծեց, որ ընդհանուր համաձայնության կգան և խնդրին լուծում կտան. «Մենք կքննարկենք առաջարկը. կամ ավելի մեծ չափերի միկրոավտոբուսներ կտրամադրենք կամ կավելացնենք»:
«ԼԻԳԱ» կազմակերպության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը ևս իր պատրաստակամությունը հայտնեց, հարցին կարճ ժամկետներում լուծում տալու վերաբերյալ:
Արուս ՄԻՐԶՈՅԱՆ