Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում խոսել էր այն մասին, որ որոշ եկեղեցականներ ուզում են քանդել կառավարության ոտքի տակը. «Ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն»,- զգուշացրել էր նա:
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, արձագանքելով այդ հայտարարությանը՝ ասաց. «Եթե հարցը վերաբերում է հայոց եկեղեցուն, հայոց եկեղեցին դա հայոց ազգն է ներկայացնում եւ միանշանակ, իր զավակները հանձինս ինձ, պաշտպանում են հայոց եկեղեցուն: Բայց եթե հոգեւորականներ կան, բայց ես նրանց չեմ ընդունում, որ հոգեւորականներ են, եթե անհատի մասին է խոսքը, ուրեմն ինքը գիտի՝ ինչ է ասում: Բայց հայոց եկեղեցուն ոչ մի մոնղոլ, թաթար, սելջուկ, պարսիկ չի կարողացել ծնկի բերել: Ես չեմ կարող պատկերացնել, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը ամբողջ հայոց եկեղեցու համար բան խոսի: Հավանաբար մեկ-երկու անհատի մասին է խոսքը: Ես էլ եմ դրան կողմնակից, օրինակ, շատ հոգեւորականների հետ չունեմ, չեմ էլ ուզի, որ նրանք հոգեւորական լինեն: Պետք է նրանց փիլոնից զրկել, բայց հայոց եկեղեցուն ով կպնի՝ ես դրան դեմ եմ»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ պիտի եկեղեցականներն ուզենան կառավարության ոտքի տակը քանդել՝ նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ եկեղեցականները կառավարության ոտքի տակը քանդում են, ես չեմ պատկերացնում: Ես հայոց եկեղեցու զավակ եմ, պաշտպանում եմ հայոց եկեղեցուն, բայց եթե անհատական խնդիրներ կան, վարչապետը կպարզի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ