ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է օրինագիծ, որով վերջինիս համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» հիմնարկը հանել պետգույքի մասնավորեցման 2017-2020թթ.-ի ծրագրից: Այսինքն, պատգամավորը պնդում է, որ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ը չպետք է մասնավորեցվի:
«Ժամանակին «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ը մասնավորեցման ցանկում մտցնելը պատճառաբանվել է բյուջետային համալրումներով: Որեւէ պետական հիմնարկի, առավել եւս՝ բժշկական, մասնավորեցումն այս կերպ պայմանավորելն անհեթեթություն է»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:
Ապա կարծիք հայտնեց, որ այս կենտրոնը մասնավորեցման ցանկում ներառվել է գայթակղիչ տարածք ունենալու պատճառով. «2,3 հեկտար տարածքում հաստաբուն ծառեր կան: Իսկ ծառայությունների տեսանկյունից կենտրոնը բացառիկ է: ՀՀ-ում որեւէ այլ կենտրոն սեռավարակով հիվանդներին ստացիոնար բուժում չի մատուցում: Պատճառն այն չէ, որ պետպատվերը բաշխված է այս կենտրոնում, այլ այն, որ բժշկության այս ճյուղը բիզնես տեսակետից ձեռնտու չէ: Այսպիսի հիմնարկները պետք է մնան պետական հոգածության ներքո: Հիմնարկում տարեկան մոտ 3000 հիվանդ է բուժվում, այդ թվում՝ խրոնիկ բնույթի»:
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է մտահոգությունը, որը Զեյնալյանը տեսնում է այս կենտրոնի մասնավորեցման պարագայում: Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Ասացի, որ բուժօգնության այս ճյուղը ֆինանսապես ձեռնտու չէ: Որեւէ այլ հիմնարկ անգամ վճարովի հիմունքներով սեռավարակների եւ մաշկային խնդիրների ստացիոնար բուժում չի առաջարկում: Այս հիմնարկը նախորդ կառավարության օրոք՝ 2017թ.-ին է ներառվել մասնավորեցման ցանկում: Նպատակները ինձ հայտնի չեն, ես ընդամենը ենթադրեցի: Այս հիմնարկը դրական բալանս ունի, պարտք չունի, շենքային պայմանները բավարար են: Էլի շեշտեմ, որ գրավիչ տարածք ունի, որի համար էլ ներառվել է մասնավորեցման ցանկում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ