«Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են`2019 թվականի ապրիլ ամսից:
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ինքը վարչապետին ասել է` եթե անվստահություն կա իր նկատմամբ, պատրաստ է հրաժարական տալ: Մինչդեռ վարչապետը չի համաձայնել: Ասել է`կա ցուցմունք, քրեական գործի ավարտից հետո կհասկանանք:
Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել`պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով, խոսքը վերաբերում է հեմոդիալիզի հայտնի գործին: Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել` չհեռանալու մասին ստորագրությունը:
Ասուլիսին ներկա Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանն էլ ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները: Արսեն Թորոսյանն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սանասարյանի հետ 2018-ի վերջում եւ հայտնել, որ մրցույթին մասնակցել է մի ընկերություն, որը ՊՎԾ աշխատակիցների հետ կապ ունի, բայց լավ գնային առաջարկ են ներկայացրել, օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց կարծես թե փաստաթղթերի հետ խնդիր կա: Դավիթ Սանասարյանն էլ իբր խոսել-պարզել է, որ խնդիր չկա փաստաթղթերի հետ: Պաշտպանն ասում է, որ այս դրվագը իրավապահները դիտարկել են «խմբային շահ», բայց անգամ մեղադրանքում գրված չէ, որ Դավիթ Սանասարյանը շահագրգռություն է ունեցել, մինչդեռ մեղադրյալի կարգավիճակ է ստացել:
Կարդացեք նաև
«Եթե հիմք ընդունենք Թորոսյանի ցուցմունքը, եթե եղել է հանցակազմ, ապա նա օժանդակողն է, այլապես ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն, որ առողջապահության նախարարությունն այս գործընթացին աջակցում է՝ իմանալով, որ ՊՎԾ աշխատակիցներն են մասնակցում տենդերին»,– ասաց Արսեն Սարդարյանը: Նա վստահեցնում է, որ Դավիթ Սանասարյանը չի իմացել, որ իր աշխատակիցները մասնակցում են մրցույթին, հետևաբար՝ նրա գործողություններում հանցակազմ չկա։
Այն, որ ՊՎԾ աշխատակիցներից ոմանք, եթե չարաշահումներ են թույլ տվել, ըստ փաստաբանի, դեռ չի նշանակում, որ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի. «Որեւէ ցուցմունքով չկա նման բան, որ պարոն Սանասարյանն այդ երեք անձանց սխեմաներից տեղյակ է եղել»: Նա հայտարարեց, որ գործով մյուս երեք մեղադրյալները հայտարարել են, որ Դավիթ Սանասարյանը իրենց ներքին սխեմաներից տեղյակ չի եղել, իրենք ինքնուրույն են դրանք կազմել:
Արսեն Թորոսյանի ցուցմունքից հետո, միակ ցուցմունքը, որը կապվում է Դավիթ Սանասարյանի հետ, այն է, որ աշխատանքի ընդունվելիս Սամվել Ադյանն ասել է Դավիթ Սանասարյանին, որ բիզնես ունի: Իր ցուցմունքներում արդեն, փաստաթղթային խնդիրների մասին խոսելիս, Սամվել Ադյանն իբր գործով անցնող մյուս երկու անձանց ասել է, որ «Սանասարյանն ամեն ինչից տեղյակ է, դուխով»: Նույն դրվագի մասով Գեւորգ Խաչատրյանը Դավիթ Սանասարյանի հետ խոսելուց հետո ասել է`«Ես զարմացած եմ, բա Ադյանն ինձ ուրիշ բան էր ասում»:
Պաշտպանը Արսեն Թորոսյանի եւ Սամվել Ադյանի ցուցմունքները կեղծ է համարում: Ինչո՞ւ են կեղծ ցուցմունքներ տվել`պաշտպանը չգիտի: Միայն գիտի, որ դրանցում հակասություններ կան: Սամվել Ադյանի ցուցմունքներում, ըստ պաշտպանի նաեւ այսպիսի դրվագ կա. նա գրել է, որ երբ ինքը հեմոդիալիզի թեմայով չարաշահումների մասին զեկուցել է Դավիթ Սանասարյանին, իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոչ միայն Սանասարյանն է տեղյակ, այլ վարչապետը: «Ես մտածում եմ, որ պարոն Ադյանն ունի ընկալման խնդիր»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ իր ցուցմունքում նա նաեւ գրել է, որ պետական շահով քողարկված է ներկայացրել իր շահը եւ հարցնում`ինչո՞ւ:
Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ ի սկզբանե ակնհայտ էր իր պաշտպանյալի նկատմամբ ուղղորդված քննություն պետք է լինի, ու ակնհայտ էր, որ այդ ամենն ինչ-որ մի տեղից ուղղորդվում էր, քանի որ քրեադատավարական խախտումները շատ էին: Նա նկատեց, որ ՊՎԾ բարձրաստիճան պաշտոնյանի գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր, մինչդեռ պաշտպանական կողմի այդ միջնորդությունը մերժվեց`օրենքի խախտումով. «Ակնհայտ էր, որ ուղղորդված եւ պատվիրված քննություն պետք է տեղի ունենար պարոն Սանասարյանի նկատմամբ»: Ըստ պաշտպանի, Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ ՊՎԾ-ին չէին սպասում եւ որոշ անձինք, այլեւայլ պատճառաբանություններով սկսեցին գործն ուղղորդել: «Մենք որ ասում ենք`գործը սարքվել է պարոն Սանասարյանի նկատմամբ, հետո պարզ դարձավ, որ իսկապես սարքվել է. կալանավորված 2-3 անձինք անընդհատ առանձնատեսակցություններ են խնդրում վարույթ իրականացնող մարմնի հետ: Դրանից հետո չկա որեւէ փաստաթուղթ, թե ինչի մասին են զրուցել: Ու դրանից հետո պարոն Սանասարյանի դեմ ցուցմունքներ են հայտնվում»,- ասաց Ինեսա Պետրոսյանը` հավելելով, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցնելը նպատակ ուներ նրան մեկուսացնելու համար այն աշխատանքից, որին նա լծվել էր:
29 հատորից բաղկացած գործը, ըստ պաշտպանի, վերաբերելի չէ մեղադրանքին, իրական գործը 3-4 հատոր է, պարզապես պատճենահանումներով ցանկացել են տպավորություն ստեղծել, թե լուրջ քրեական գործ է: Ինեսա Պետրոսյանը հայտարարում է, որ իրենք լիահույս էին, որ Դավիթ Սանասարյանի մասով քրեական հետապնդումը կդադարեցվի: Պաշտպանական կողմը գործը դատարան ուղարկելու մասին տեղեկացել է մամուլից եւ մինչ այսօր դատախազությունից իրենց մի քանի միջնորդությունների եւ դիմումների մասով պատասխաններ չեն ստացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ