Կոնստանտին Օրբելյանը դիմել էր դատարան` իրեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու 2019թ. մարտի 28-ի հրամանը անվավեր ճանաչելու, պաշտոնում վերականգնվելու պահանջով: Մաեստրոն նաեւ պահանջում է վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար:
Aravot.am-ի հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 2-ին վճիռ չի հրապարակվի. «Մենք դատարանից որոշում ստացանք, որ սկսվել է վարույթը, օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է, եւ այսօր դատական նիստ է նշանակված: Այնպես որ այսօր ոչինչ չի լինելու, պետք է գնանք դատական նիստին, որպեսզի տեսնենք թե ինչ հանգամանք պարզելու նպատակով է դատարանը վարույթ սկսել»:
Նա ընդգծեց, որ վճռի հրապարակում որեւէ դեպքում չի լինելու, նիստից հետո պարզ կլինի, թե դատարանն ինչ կհայտարարի:
Տիգրան Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` թե ինչ կանխատեսումներ ունի նոր զարգացման համատեքստում: Փաստաբանը պատասխանեց. «Որեւէ մտավախություն չկա, դա նորմալ աշխատանքային պրոցես է, թույլատրված է օրենքով: Ուղղակի պետք է գնանք դատական նիստին, դատարանը պետք է նշի, թե ինչ հանգամանք պարզելու համար է դատարանը հրավիրել դատական նիստը: Դրանից հետո պետք է դիրքորոշում հայտնենք եւ կհայտնենք»:
Կարդացեք նաև
Փաստաբանը հավելեց, որ հնարավոր է հենց այսօր նշանակվի վճռի հրապարակման օրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ