Ինչպես Թեհրանում, այս անգամ էլ Երեւանում բազմաթիվ լավատեսական հայտարարություններ հնչեցին համագործակցության հետագա ծրագրերի հետ կապված՝ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների ընդլայնում, համագործակցության ընդլայնման առաջարկություններ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու («Չինաստանի մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» կամ Մետաքսի նոր ճանապարհ) տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ։
Ի դեպ, Ռոհանին ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել «Հյուսիս-հարավ» ծրագրին Իրանի մասնակցության առումով․ «Անչափ ուրախ ենք Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առեւտրատնտեսական հարաբերությունները»,- երեկ հայտարարել է Հասան Ռոհանին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, եւ մենք պատրաստ ենք գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:
Նման փայլուն ծրագրերի մասին հայտարարություններ նախկինում էլ են հնչել, սակայն դրանք գործնականում կա՛մ կյանքի չեն կոչվել, կա՛մ կոչվում են դանդաղ ու ոչ նախանշված ծավալներով։ Ռուբեն Մեհրաբյանը վերջին դիտարկման հետ համաձայն է եւ ասում է՝ մենք ավելի շատ խոսում ենք, քան անում։ «Եվ այդ ամենը սկսվեց նրանից, որ Հայաստան մտնող իրանական գազամուղը տրանզիտայինից հանկարծ բարակեց, ու այդ ժամանակվանից, ինչպես ասում են, ամեն ինչ թարսվեց»։ Մեհրաբյանին սա անհասկանալի է, մանավանդ, որ հիմա, նրա գնահատմամբ, կան բոլոր հնարավորությունները՝ խոսվածի եւ արվածի միջեւ հարաբերակցությունը փոխելու համար։ «Դրա համար ինչ-որ բանից պետք է սկսել»,- ասում է նա։ Սա պետք է վերաբերի առաջին հերթին Հայաստանի ռազմավարական հզորությունների զարգացմանը։
Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարեւորում է Ռոհանիի այստեղ գտնվելը նախ երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մասնավորապես, որ վերահաստատվել են նախկինում քննարկված ծրագրերը։ Օրինակ՝ 2020 թվականին ամբողջությամբ ավարտին կհասցվի երրորդ էլեկտրահաղորդման գիծը, եւ, իհարկե, այն, որ Հայաստանը նախկինից շուրջ երեք անգամ ավելի գազ կներկրի։ Իրանագետը նշում է, որ իրանական կողմից գոնե վերջին շրջանում լավատեսական ազդակներ գալիս են։ Մասնավորապես այն, որ Իրանի օրենսդիրները սկսել են խոսել Թավրիզ-Երեւան ճանապարհի կառուցման մասին։ Եվ, առհասարակ, ճանապարհների մասով, ըստ նրա, Հայաստանն Իրանի համար ամենակարճն ու անվտանգն է՝ Եվրոպային ու Վրաստանին կապվելու համար։ «Իհարկե, սա միակը չէ, Իրանի հյուսիս-արեւելյան, հյուսիս-արեւմտյան շրջաններում կան մի քանի կարեւոր միջանցքներ․ մեկն Ադրբեջանով է անցնում, մեկը՝ Հայաստանով, մեկը՝ Թուրքիայով։ Այսինքն՝ Իրանը փորձում է բոլորից էլ հավասարապես օգտվել, եւ որեւէ մեկը մյուսի նկատմամբ ավել կամ պակաս կարեւորություն չունի։ Այստեղ արդեն յուրաքանչյուր կողմ իր քայլերը պետք է ձեռնարկի, որպեսզի շահագրգռի ներդրողներին, բիզնեսմեններին, որ նրանք օգտագործեն հենց այդ միջանցքը»։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում