«Ելույթի անհրաժեշտություն առաջացավ այս ընթացքում: Տաբուների, կանոնների եւ բացառությունների մասին եմ ուզում խոսել՝ սոցիալական եւ տնտեսական համատեքստում»,-ԱԺ նիստում այսօր արտահերթ ելույթում անդրադառնալով նվազագույն աշխատավարձի շեմը 55 000 դրամից 68 000 դրամ սահմանելու մասին օրինագծի քննարկմանը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Իհարկե արդար չի, ինչպես պատգամավորներից մեկն ասաց, որ գրադարանավարուհին եւ մաքրուհին նույն աշխատավարձը ստանան, բայց նույն խնդրի առաջ էինք, երբ կենսաթոշակն ու մի շարք նպաստներ դարձվում էին 25 000 դրամ»,-նկատեց Միրզոյանը:
Նա շարունակեց. «Բայց կա ողջամիտ նվազագույն շեմ, որից պակաս մարդը չպետք է վաստակի: Իհարկե, գրադարանավարուհիների աշխատավարձը եւս պետք է բարձրացնել, բայց որոշակի շեմից ցածր որեւէ մեկը, այդ թվում՝ պահակը, չպետք է ստանա: Սա մեր նախընտրական սոցիալական խոստումներից է»:
Ինչ վերաբերում է տնտեսական համատեքստին, Միրզոյանը, նկատի ունենալով օրինագծի հետեւանքով գնաճի եւ այլ ռիսկեր մատնանշած տնտեսագետ-պատգամավորների ելույթները, նշեց. «Ես տնտեսագետ չեմ, բայց ասեմ՝ «վարքագծային տնտեսագիտություն» հասկացություն գոյություն ունի, այս տեսության կողմնակիցները շատանում են: Ժողովուրդ ջան, ամեն ինչ չէ, որ գրված է դասագրքերում, եւ այդպես էլ պետք է լինի: Լավատեսորեն տրամադրվելով էլ է շատ բան պայմանավորված: Ժողովուրդ ջան, ավելի համարձակ մոտեցեք հարցին: Եկեք բարձրացնենք նվազագույն աշխատավարձը: Տնտեսագետ չեմ, բայց չեմ էլ կարծում, թե տնտեսագիտական առումով անգրագետ բաներ ասացի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ