Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման խնդիրն արդեն ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է:
Թեև այս առումով խոսվում է բանակցությունների մասին, բայց պաշտոնական մակարդակով դեռ որևէ հստակություն չկա, թե, ի վերջո, ի՞նչ է սպասվում և գազի գինը որքանո՞վ կբարձրանա ազգաբնակչության համար:
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, խնդիրն այն է, որ գազի գնի դեպքում շուկայական գնագոյացման համակարգ չկա:
«Տվյալ դեպքում գինը սահմանվում է երկու պետությունների միջև հարաբերությունների արդյունքում: Գոյություն ունի միջպետական հարաբերությունների որակի և գազի գնի միջև կապը, և եթե այդ հարաբերությունները լավն են, որպես կանոն, գազի գինը Ռուսաստանը համեմատաբար ավելի ցածր է սահմանում:
Կարդացեք նաև
Եթե հարաբերությունների որակը այդքան էլ լավը չէ կամ վատանում է, ապա գազը, որպես կանոն, թանկ է:
Եթե նույն սկզբունքով դիտարկենք եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերությունները, ապա կտեսնենք, որ Ռուսաստանը տարբեր երկրների տարբեր գներով է գազը վաճառում:
Շատ դեպքերում այդ տարբերությունը 30-40 տոկոս է կազմում, ինչը պայմանավորված է այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների որակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը՝ դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունները:
«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկա չկա: Ընդհակառակը՝ կան որոշակի բացասական միտումներ և, հետևաբար, այսօր կան գազի թանկացման բոլոր նախադրյալները»,-ասաց նա:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: