Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը վարչապետին սխալ ինֆորմացիա էր տրամադրում. Դավիթ Սանասարյան

Հոկտեմբեր 02,2019 12:02

«Մինչեւ քրեական գործի սկսելը, ամիսներ շարունակ երկրի վարչապետին իմ վերաբերյալ սխալ ինֆորմացիա էր զեկուցվում`արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը` մեղադրանքներն ուղղելով դեպի պաշտոնաթող ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, խոսքը վերաբերում է հեմոդիալեզի հայտնի գործին, որն օրերս ուղարկվեց դատարան: ՀՀ քննչական դեպարտամենտում ՊՎԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308 հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ «Նոր Հայաստանում» իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ:

«Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունները եւ տարատեսակ բաներ»,- այսօր ասուլիսում շրջանառվող խոսակցությունները հիշեցրեց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ դրանց մասին վարչապետը հարցրել է իրեն, ինքն էլ ասել է, որ սուտ է:

«ԱԱԾ-ի համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկար: Իրենք ասացին, իրենք հերքեցին»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը` հիշեցնելով ինչ-որ տեսանյութերի առկայության մասին խոսակցությունները ևս, որոնցում ինքն իբրեւ կաշառք է վերցնում. «Բայց ժամանակին ես բոլորիդ հավաստիացրել եմ`նման տեսանյութեր չկան, եթե լինեին՝ լրիվ այլ քրեական հոդված կլիներ, ես այստեղ նստած չէի լինի, իմ փաստաբաններն էլ մի քիչ կմեղմացնեին հոդվածը: Փորձ էր արվում վարչապետի եւ իմ միջեւ սեպ խրել: Ես չգնացի զգացմունքային ճանապարհով, թեեւ իմ համար վրդովվեցնող էր այն, որ 11 տարուց ավելի ես կռիվ տամ հանցավոր իշխանության դեմ, բայց այդ իշխանության սիմվոլները Սերժ Սարգսյանից սկսած`ապերներ ու արշակներ, այսօր թրեւ են գալիս… Իմ վերաբերյալ քրեական գործը, մարդ, որը նրանց դեմ ամբողջ գիտակցական կյանքում կռիվ եմ տվել, դատախազության կողմից հանցակցությամբ հաստատվեց եւ ուղարկվեց դատարան»:

Դավիթ Սանասարյանը նաեւ հայտարարեց, որ մյուս կողմից էլ ուրախացել է, քանի որ բաց դատական գործընթաց կլինի եւ բոլորը կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031