ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մշակած՝ «Վիճակախաղերի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Ներկայացնելով օրինագիծը՝ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ այն սահմանափակում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Մինչեւ երկրորդ ընթերցումը Սիմոնյանը շատ առաջարկներ է ստացել. գրեթե բոլորն ընդունվել են, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք տեխնիկապես հնարավոր չէին:
«Առաջինը, որ ընդունվել է, Արթուր Դալլաքյանն է առաջարկել՝ վիճակախաղերի կազմակերպչի համար սահմանել գործունեության տարածքի ոչ շատ մեծ եւ ոչ շատ փոքր տարածք: Թույլատրելի է, որ բուքմեյքերական գրասենյակը կլինի մինչեւ 200 ք/մ: Արկադի Խաչատրյանն էլ առաջարկել է, որ խաղասրահը պարտավոր է ստուգել դատական վճռի առկայության հանգամանքը: Այն ընդունվել է, եւ դատական կարգով հնարավոր է արգելել անձին մուտք գործել խաղասրահ»,-տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընդունվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանի առաջարկը, ըստ որի՝ ՀՀ տարածքում գործելու են բուքմեյքերական գրասենյակներ՝ հետեւյալ տրամաբանությամբ. «Ամեն մարզկենտրոնում մեկական գրասենյակ է գործելու՝ մեկ կազմակերպության համար: Երեւանի ամեն վարչական շրջանում յուրաքանչյուր բուքմեյքերական կազմակերպության համար գործելու է մեկական գրասենյակ, իսկ չորս տուրիստական քաղաքներում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը թույլատրելի է»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընդունվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկը. ըստ այդմ, գազալցակայաններում խաղային սարքավորումների առկայությունն արգելող դրույթն ուժի մեջ կմտնի օրենքի ընդունումից վեց ամիս անց: Ալեն Սիմոնյանը հավելեց, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020թ.-ի նոյեմբերի մեկից: Մինչեւ այդ ժամկետը բույքմեյքերական գրասենյակները կարող են գործել նախկինի պես:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ