Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները:
Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝
- Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը և հարգանքը այդ իրավունքի նկատմամբ:
- Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձևավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և հրապարակային արտահայտել այն:
- Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը:
- Տևական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը:
Այս երևույթն անընդունելի է հասարակությունում համերաշխության և մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից: Մտահոգիչ է այն, որ թիրախավորվում է մասնավոր կյանքը, արվում են մասնավոր և ընտանեկան կյանքին ոչ իրավաչափ միջամտություններ: Դա տեղի է ունենում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս: Ընդ որում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ու գրառումներն առավել ագրեսիվ են:
- Այսպիսի վիճակն անթույլատրելի է սկզբունքորեն: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է հանդես եկել այդպիսի երևույթների վտանգավորության վերաբերյալ հայտարարություններով:
Որևէ իրավունք կամ ազատություն չպետք է հակադրվի այլոց իրավունքների կամ ազատությունների երաշխավորված իրականացմանը: Այս տեսանկյունից չի կարող ընդունելի լինել մարդու մասնավոր ու ընտանեկան կյանքը նսեմացնելով, արժանապատվությունը վիրավորելով դիրքորոշումներ հայտնելը: Դա վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացասական է ազդում հասարակությունում համերաշխության մթնոլորտի վրա և կարող է հանգեցնել բռնության:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է բացառել նման ցանկացած տեսակի երևույթ: Չի կարելի որոշակի հանգամանքներում դա համարել թույլատրելի, իսկ ինչ որ այլ հանգամանքներում՝ ոչ. դա անընդունելի է ցանկացած պարագայում:
- Մարդու իրավունքը, արժանապատվության պաշտպանությունը չեն հանդուրժում տարբերակված մոտեցումներ: Պետք է բացառել որևէ երկակի ստանդարտ կամ այդպիսի ընկալման հնարավորություն:
- Այս առումով, անընդունելի է արժանապատվությունը վիրավորող և ատելություն պարունակող խոսքի կամ այդպիսի շարժառիթով կատարվող արարքի ցանկացած դրսևորում, որ կարող է արձանագրվել որևէ քաղաքացիական ակցիայի ժամանակ՝ անկախ նրանից ում կողմից է դա կատարվում կամ ում է ուղղված:
- Մարդու իրավունքների պաշտպանն առանձին հարցումով նամակ է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատարին:
Մարդու իրավունքների պաշտպան