Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հարցերում «իշխանամետ-ընդդիմադիր» չկա

Հոկտեմբեր 02,2019 10:00

Ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երեկ կայացավ Երեւանում, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց այդ նիստին: Նրանք, ովքեր 2-3 շաբաթ առաջ հակառակն էին պնդում եւ, ըստ ամենայնի, ուրախանում էին այդ հեռանկարից, իհարկե, չեն ասի՝ ներեցեք, սխալվել ենք: Բայց ինձ թվում է, այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի պետական շահերին (եւ հետեւաբար՝ նաեւ անվտանգությանը), «իշխանամետ» կամ «ընդդիմադիր» կեցվածքն այնքան էլ իմաստալից չէ. եթե մարդն ապրում է Հայաստանում եւ մտադիր է իր երկրում ապրել մինչեւ կյանքի վերջ, ապա հարափոփոխ կառավարությունների հանդեպ համակրանք-հակակրանքը չի կարող ավելի կարեւոր լինել այն հարցից, թե որքանով են մեր պետության միջազգային դիրքերն ամուր, ինչ հեղինակություն ունի Հայաստանն այս տարածաշրջանում:

Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա ԵԱՏՄ գագաթաժողովը Երեւանում, ինչպես նաեւ Պուտինի եւ Ռոհանիի միաժամանակյա ներկայությունը մեզ համար դրական փաստեր են: ԵԱՏՄ-ն ինձ համար զուտ քաղաքական կառույց է (ԱՊՀ-ի նման), դրանից տնտեսական վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Եթե տարբերակ կար այդ կառույցից խուսափելու՝ դա պետք է արվեր: Բայց հասկանալի (դարձյալ քաղաքական) պատճառներով մենք հիմա չենք կարող այդ կառույցի «դուռը շրխկացնենք»՝ դա արկածախնդրություն կլիներ: Հետեւաբար, պետք է շարունակել մասնակցել այդ գործընթացին՝ հնարավորինս ներգրավելով այլ երկրների, հատկապես՝ Իրանին:

ԵԱՏՄ-Իրան մերձեցման գործընթացին Հայաստանը շատ ակտիվ է մասնակցել, եւ այժմ էլ այդ ջանքերը շարունակվում են: Այստեղ պետք է արժանին մատուցել ոչ միայն ներկա, այլեւ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությանը, մասնավորապես, տնտեսական բլոկի նախարարություններին, ԱԳՆ-ին: Մեզանում հիմա ընդունված է պաշտոնական մակարդակով հայտարարել, որ այն ամենն, ինչ արվում էր նախկինում, սխալ էր: Դա նույնպես պետական մոտեցում չէ՝ ճիշտ այնպես, ինչպես Պուտինի չգալու կամ գագաթաժողովի տապալման մասին չարագուշակ կանխատեսումներ անելը:

Ի դեպ, ներկայիս ԱԳՆ-ն, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ հայտարարելով, որ պատրաստվում է Թել-Ավիվում դեսպանատուն բացել. մեր լավ հարեւանները պետք է հասկանան, թե ինչի համար է դա արվում: Քանի որ այդ հայտարարությունը որեւէ ձեւով չխոչընդոտեց Հասան Ռոհանիի երեւանյան այցին, պետք է ենթադրել, որ մեր դիվանագետները կարողացել են իրանական կողմին ճիշտ հասցնել Հայաստանի դիրքորոշումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ի դեպ, ներկայիս ԱԳՆ-ն, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ հայտարարելով, որ պատրաստվում է Թել-Ավիվում դեսպանատուն բացել. մեր լավ հարեւանները պետք է հասկանան, թե ինչի համար է դա արվում: Քանի որ այդ հայտարարությունը որեւէ ձեւով չխոչընդոտեց Հասան Ռոհանիի երեւանյան այցին, պետք է ենթադրել, որ մեր դիվանագետները կարողացել են իրանական կողմին ճիշտ հասցնել Հայաստանի դիրքորոշումը:
    Ռոհանին չէր կատարում ԶՈՒՏ պաշտոնական այց Հայաստան, որ դրա պատճառով չգար, ուրիշ հարց, որ դեսպանատան բացումից հետո սկսենք ունենալ խնդիրներ՝ պայմանավորված իրանական կողմի «մեղմ» դիվանագիտությամբ:

  2. Gagik says:

    Բայց յուրաքանչյուրը իր կարծիքը ունի ազգային շահի մասին։
    Օրինակ դուք կամ ուրիշները կարծում եք, որ 2014-ին ԵԱՏՄ-ին մտնելը սխալ էր ճիշտը եվրոասոցացվելն էր, կամ ասենք Իսրայելում դեսպանատուն բացելը ճիշտա։
    Ուրիշներնել տրամգծորեն հակառակ կարծիք ունեն։

    Իսկ Իսրայելում դեսպանատուն բացելը մեզ ինչա տալիս, եթե անգամ Իրանի ֆակտորը մի կողմ թողենք։
    Իսկ պարսիկներին էտ հաստատ դուր չի գա շատ մեղմա ասված ու էտ կզգացվի ինչ որ իքս պահի, պարտադիր չի, որ հենց հիմա Ռոուխանին չեղարկեր իր այցը։
    Ոչինչ չի տալիս, վստահ եմ, որ ԱԳՆ -ում աշխատող որոշ ամերիկամետ դիվանագետներ, Նիկոլի ասած օտարերկրյա գործակալներ էտ հարցը մղել են առաջ ներկայացնելով իբր ազգային շահը պաշտպանելու սոուսոսվ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031