Վերջերս Ռիգայի Սուրբ Հովհաննեսի տաճարում տեղի ունեցավ Կոմիտասի Պատարագի կատարումը Լատվիայի ռադիոյի պետական երգչախմբի մեկնաբանմամբ, խմբավար Սիգվարդս Կլայավայի ղեկավարությամբ: Հնչել է ստեղծագործության նոր տարբերակը, որը պատրաստել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը խառը երգչախմբի համար:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ Պատարագի այդ տարբերակի հիմքում արական երգչախմբի համար Կոմիտասի ստեղծած բնագիրն է: «Ձգտել եմ առավելագույնս հարազատ մնալ բնագրին, թեպետ հնչողությունը համեմել եմ գունային համեմունքներով՝ ելնելով, իհարկե, խառը երգչախմբի ձայնատարության օրինաչափություններից: Որպես մենակատարներ հանդես եկան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Ներսեսյանը (բաս), Արմեն Բադալյանը (տենոր) եւ երգչախմբի արտիստներից: Որպես խորհրդատու Ֆրանսիայից հրավիրված էր երգիչ խմբավար Մկրտիչ Մկրտչյանը: Կոմիտասյան այս երկը ձայնագրվել է եւ առաջիկայում կհրատարակվի CD»,- հայտնեց Վաչե Շարաֆյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Պատարագի պրեմիերայից առաջ Էստոնիայում, հեղինակավոր Արվո Պյարտի անվան կենտրոնում կայացել է եւս մի համերգ՝ նվիրված Կոմիտասին, ներկայացվել է իր «Ստաբաթ Մատերը» մեցցո սոպրանո Իրիս Օյայի եւ Գրեմմիի մրցանակակիր, Էստոնիայի պետական արական երգչախմբի կատարմամբ՝ Միկ Ուելոյայի ղեկավարությամբ: Մենք անդրադարձել ենք այս ստեղծագործությանը, որը կոմպոզիտորը գրել է 2 տարի առաջ՝ հենց այդ երգչախմբի պատվերով: Եթե չենք սխալվում, «Ստաբաթ Մատերին» հաճախ է անդրադառնում երգչախումբը:
Զրույցի ընթացքում կոմպոզիտորը հավաստիացրեց, որ բացի կոմիտասյան միջոցառումներից, վերջին տարիներին Մերձբալթյան երկրներում գրեթե ամեն օր անցկացվում են հայ մշակույթի հետ կապված տարբեր միջոցառումներ, եւ գրեթե բոլորի նախաձեռնողը Մերձբալթյան երկրներում ՀՀ-ի դեսպան Տիգրան Մկրտչյանն է: «Մերձբալթյան երկրներում ունենալով ոչ մեծ համայնք, ունենք իսկապես բարձրագույն որակ՝ հաստատագրված լուրջ մշակութային քաղաքականությամբ: Մեր հայրենակիցներից շատերը գուցե տեղեկացված չլինեն, որ օրինակ, Ռիգայում գործում է նորակառույց հայկական եկեղեցի, որի հովվապետն է տեր Խոսրով քահանան, ում նախնիներից է Ղազարոս Աղայանը եւ ուղղափառ եկեղեցու վարդապետ, փիլիսոփա, պոետ Պավել Ֆլորենսկին»:
Կարդացեք նաև
ՌԴ քաղաքներում, Մերձբալթյան երկրներում, ԱՄՆ-ում, եվրոպական քաղաքներում հաճախակի կատարվող կոմպոզիտորից՝ Շարաֆյանից, հետաքրքրվեցինք ըստ Լեւոն Շանթի իր «Հին աստվածներ» բալետով, որը բեմադրվելու է Ազգային օպերային թատրոնում: «Բեմադրության պատրաստման աշխատանքները նոր-նոր սկսում ենք, ահռելի աշխատատար ընթացք է այն ակնկալում, ստեղծված է բարձրակարգ մասնագետների հիանալի թիմ: Պրեմիերան հավանաբար կկայանա 2020թ. փետրվարին: Բեմադրության իրականացմանն անհրաժեշտ միջոցների հիմնական մասը տրամադրել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը»,- առանց մանրամասնելու ասաց կոմպոզիտորը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Ներսիսյանը, Վաչե Շարաֆյանը, Տիգրան Մկրտչյանն ու Արմեն Բադալյանը
«Առավոտ» օրաթերթ
01.10.2019