Փաստաբան Գայանե Գրիգորյանը պահանջել էր վերացնել արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժ/պ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանի կողմից 2019թ. ապրիլի 16-ին կայացրած թիվ 47 որոշումը, որով վերջինս որոշել է դատապարտյալ Սոնյա Մալումյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան: Միաժամանակ, փաստաբանը խնդրում է դատարանից պարտավորեցնել պատասխանողներ ԱՆ քրեակատարողական ծառայությանը եւ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանն, իրենց զեկույցներում դատապարտյալ Սոնյա Մալումյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը համարել նպատակահարմար, որի հիման վրա պարտավորեցնել պատասխանողներից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին դատապարտյալ կնոջ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնել դատարան:
ՀՀ Վարչական դատարանի մայիսի 27-ի որոշմամբ, հայցադիմումը վերահասցեագրվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր դատավոր Գ. Մարգարյանի վարույթ եւ նշանակվել դատական նիստ: Հուլիսի 26-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել էր ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մալումյանի վերաբերյալ միջնորդությունը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Դատարանն օգոստոսի 2-ին կայացրել է որոշում, մերժել է դատապարտյալ Սոնյա Մալումյանի շահերի պաշտպան Գ. Գրիգորյանի բողոքը՝ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի թիվ 47 որոշումը վերացնելու եւ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի ժ/պ Վ. Խալաթյանի զեկույցի դեմ՝:
Ս.Մալումյանը ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով նշանակված պատիժը մինչ օրս կրում է: Նրան թողնվել է կրելու պատժաչափը՝ 11 ամիս, լրացուցիչ պատժի առկայություն չունի, սակայն նրան անվերջ մերժում են:
Ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի, դատապարտյալի կրթությունը բարձրագույն է եւ աշխատել է որպես լրագրող, նրա կարգապահական տույժը մարված է, նա աշխատել է 13.05.2013-30.12.2013թթ., 01.04.2014-31.12.2014թթ. «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում: Նա մասնակցել է խոհարարության դասընթացներին, 2014թ.-2015թ. ավարտել է թիվ 2 արհեստագործական ուսումնարանի հաշվետարության մեկամյա դասընթացը: Մասնակցում է խոհարարական դասընթացներին: Խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է տեսակցությունների եւ հեռախոսազանգերի միջոցով: Սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը գտել է, որ դատապարտյալ Սոնյա Մալումյանը պատժի կրման ընթացքում դրսեւորել է բացասական վարքագիծ եւ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի, վերջինս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ:
Կարդացեք նաև
Քրեակատարողական ծառայության կողմից հաստատված զեկույցում նշվել է, թե Ս. Մալումյանը չի զղջում կատարած արարքի համար, առկա է քաղաքացիական հայց, իսկ Ս. Մալումյանի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ գնահատել են բացասական, բացասական հակումներ, կախվածություններ, նախասիրություններ չկան:
Փաստաբան Գ. Գրիգորյանն «Առավոտին» ասում է. «Վարչական մարմինը բացի նրանից, որ չի իրականացրել պատշաճ վարչարարություն, պատշաճ կերպով չի ուսումնասիրել դատապարտյալի անձնական գործը, որն իրականացնելու պարագայում կկայացվեր այլ որոշում, չի պահպանել նաեւ վարչական ակտին առաջադրված օրենսդրության իմպերատիվ պահանջը: Այն է՝ որոշումը բացի նրանից, որ անհիմն է, այն նաեւ պատճառաբանված չէ, որոշմամբ դատապարտյալին սխալ պարզաբանում է տրվել այն բողոքարկելու ընթացակարգի մասին, մինչդեռ, օրենսդիրը պարտադիր է համարում վարչական ակտի բողոքարկման ընթացակարգի եւ եղանակի պարզաբանումը վարչական ակտի հասցեատիրոջը: Բացի դրանից, որոշումը Ս. Մալումյանին չի էլ տրամադրվել: Այն ստացել եմ ես, այն էլ միայն 08.05.2019թ.-ին իմ կողմից դիմում ներկայացվելուց հետո»:
Իսկ 2019թ. հուլիսի 15-ին ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի բաժնի պետի կողմից կազմվել է զեկույց, որը 2019թ. հուլիսի 16-ին հաստատվել է ԱՆ պրոբացիայի ծառայության պետի կողմից: Զեկույցի համաձայն, Ս. Մալումյանի պատժի կրման ընթացքում դրսեւորած վարքագիծը գնահատվել է դրական, նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ ցածր, ուստի, նպատակահարմար են գտել վերջինին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնել դատարան:
Երկու իրարամերժ զեկույցների կապակցությամբ փաստաբանի գնահատականը հետեւյալն է. «Վարչական մարմնի կողմից երկու իրարամերժ զեկույցների պարագայում դատարանը նախապատվությունը տվել է ֆիզիկական անձի համար անբարենպաստ վարչական ակտին, ընդ որում, նույն վիճարկվող դատական ակտում իր անհամաձայնությունը հայտնելով պրոբացիայի ծառայության կողմից նախկինում տրված բացասական զեկույցին: Հարկ է նշել, որ նույն դատարանը դեռեւս 2 տարի առաջ գտնելով, որ Սոնյա Մալումյանի պատժի հետագա կրումը նպատակահարմար չէ, որոշում է կայացրել նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, որը, հետագայում բեկանվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պետրոսյանի նախագահությամբ ընթացած նիստի արդյունքում»:
Մեկ այլ խայտառակ հանգամանք էլ չի տեսել մերժման որոշում կայացրած դատարանը: Դատարանի հետագա պատճառաբանությունները կարծես չեն էլ վերաբերվել Ս. Մալումյանին, այլ վերաբերվել են դատական ակտում նշված ոմն Գեղամ Սամվելի Աջիզյանին: Չի բացառվում, որ այս անունը սխալմամբ է նշվել դատական ակտում Սոնյա Մալումյանի անվան փոխարեն, սակայն, ակնհայտ է, որ դատարանը Սոնյա Մալումյանի վերաբերյալ միջնորդությունը եւ բողոքը քննարկելիս չի կատարել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն եւ դատական ակտում նշված անձին անհատականացնող տեղեկությունները չեն համընկնում Սոնյա Մալումյանի անձի հետ: Փաստաբանը «Առավոտին» ասաց, թե դիմել է վերաքննիչ քրեական դատարան, խնդրում է դատական ստուգման ենթարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ամբողջությամբ բեկանել այն եւ կայացնել նոր դատական ակտ, համաձայն որի՝ բավարարել իր կողմից ներկայացված բողոքը, ինչպես նաեւ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի միջնորդությունը Սոնյա Մալումյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2019