Քաղաքացին դիմել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին,
Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Նախկինում դիմելով ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել էի այն մասին, որ Արուսյակ Կարապետյանի կողմից կատարվել է խարդախություն եւ իմ վստահությունը չարաշահելու միջոցով ինձանից ստացել է ոսկեղեն, գումարներ, որը չի վերադարձրել եւ հրաժարվում է վերադարձնել, եւ հայտնել է, որ ինքն ի սկզբանե չէր էլ պատրաստվում վերադարձնել: Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում նյութեր նախապատրաստելու ընթացքում Ա. Կարապետյանը չի հրաժարվել, որ ինձ գումար է պարտք եւ գործին ընթացք չտալու համար նշել է, որ կվերադարձնի վեց ամիս հետո: Այս վեց ամիսների ընթացքում տարբեր անձանց մոտ ասել է, որ ինչ ուզում է անեմ, ինձ միեւնույն է՝ գումար չի տալու, բացի այդ, տարբեր միջոցներով ինձ սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ, ինչի վերաբերյալ ես հայտնել եմ ոստիկանություն: Նշեմ, որ Գոռ Գրիգորյանն իր կողմից տրված ցուցմունքում նշել է, որ Արուսյակ Կարապետյանը գումարը վերցնելուց խաբել է ինձ, որ այդ գումարներն իրեն անհրաժեշտ չեն եղել եւ որ դա հորինել են զուտ ինձ մոտ խղճահարություն ստեղծելու համար: Այս հանգամանքի շուրջ որեւէ քննություն ոստիկանության կողմից չի տարվել: Այդ մասին տեղյակ է եղել նաեւ Խաչիկ Գինոսյանը եւ վերջինս Գոռի հետ միասին տեղյակ են, թե ոսկեղենը Արուսյակ Կարապետյանը ում է տվել: Եթե ենթադրենք, Արուսյակ Կարապետյանի խոսքերով, գումարի մի մասը ինքը տվել է Գոռին, ապա ինչու չի ուզում վերջինիցս այդ գումարները: Այսինքն, սա եւս խոսում է այն մասին, որ բոլոր միջոցներով Ա.Կարապետյանը խաբում է ինչպես ինձ, այնպես էլ ոստիկանությանը:
Ներկայումս Ա. Կարապետյանի կողմից նշած վեց ամիսն արդեն անցել է եւ վերջինս կրկին հրաժարվում է ինձ վերադարձնել իմ գումարները: Ձեր կողմից գրությամբ հայտնել էիք ինձ, որ սույն վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, սակայն մեր միջեւ որեւէ քաղաքացիաիրավական հարաբերություն առաջացնող փաստաթուղթ առկա չէ եւ այս հարաբերությունը ստեղծվել է իմ վստահությունը չարաշահելու միջոցով գումարներ յուրացնելով: Ա. Կարապետյանը սուտ տեղեկություն է հայտնել նաեւ ոստիկանությանը, այն մասին, որ իմ գումարները վեց ամսից կվերադարձնի, սակայն հենց այդ պահին էլ քաջ գիտակցել է, որ չի վերադարձնելու: Արդյունքում խաբել է ոչ միայն ինձ, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին:
Ցանկանում եմ հայտնել, որ Ա.Կարապետյանն այդ ոսկիներն իրացրել է եւ դրանից ստացված գումարները վատնել է, դրա վկայությունն այն է, որ պետական եկամուտների կոմիտեն այդ հիմքով տարել է քննություն եւ պարզել, որ Ա. Կարապետյանի կողմից անօրինական կատարվել է ոսկու վաճառք, որի հիմքով տուգանվել է՝ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար:
Կարդացեք նաև
Սա եւս հաստատում է այն փաստը, որ Ա. Կարապետյանը խաբել է ինձ եւ ունենալով գումարներ, իմ գումարները վերադարձնելու մասին չի էլ մտածել, հավանաբար տեսնելով, որ որեւէ պատասխանատվություն իր համար չի կարող առաջանալ, քանի որ ոստիկանության աշխատակիցները որեւէ կերպ պատշաճ քննություն չեն տարել: Հաշվի առնելով վերոգրյալը, այն, որ գործում առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք ուղղակիորեն խոսում են Արուսյակ Կարապետյանի կողմից իմ վստահությունը չարաշահելու եղանակով իմ գումարներին տիրանալու մասին, եւ այն, որ փաստորեն առաջ է եկել նոր երեւան եկած հանգամանք՝ իր կողմից նշած վեցամսյա ժամկետի լրանալը, ուստի խնդրում եմ նոր քննություն տանել՝ գործի բազմակողմանի քննություն, եւ Ա.Կարապետյանի գործողություններին տալ համապատասխան գնահատական:
Ա. ՔՈՉԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2019