Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի նոր սպառնալիք՝ Բաքվից

Հոկտեմբեր 02,2019 12:00

Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից արձանագրեց՝ «բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի մի հատված նվիրեց Հայաստանի եւ Արցախի անվտանգության թեմային։ Նախ նա արձանագրեց, որ Թուրքիան՝ «շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար», ապա հավելեց. «Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որեւէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարեւան տարածաշրջանի լարվածության հետեւանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ երեք տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության»:

Գալով արցախյան թեմային՝ Փաշինյանն արձանագրեց, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: «Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձեւի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության երեք կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության հնարավորություն»,- ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ այդ բանաձեւը ներկայացրել է ոչ միայն հանրությանը, այլեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում, եւ կրկին հիշեցրել է, որ ակնկալում է նման հայտարարություն նաեւ ադրբեջանական կողմից։ «Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որեւէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին եւ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը»:

Այնուհետեւ Փաշինյանը շեշտեց, որ ադրբեջանական կողմը ձգտում է հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը, սակայն նա դա ապարդյուն ջանք համարեց, հիշեցնելով, որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը եւ ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից: «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց եւ իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ եւ բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի», – ասաց Փաշինյանը՝ ընդգծելով. «Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ եւ ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր եւ հետեւողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշիռ մոտեցման: Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիեւին, ընդունել բանաձեւը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար», – ասել է վարչապետը:

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար ընդունելի ձեւաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական եւ ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Բաքուն արձագանքել է Փաշինյանին նաեւ երկրի ԱԳ նախարարի մակարդակով։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախ հարկ է համարել շեշտել, որ 12 ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի եղել: Այս հանգամանքը նա «բացատրել է» նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ:

«Կարեւոր է նշել, որ ՄԱԿ ԳԱ-ի նախորդ տարվա ընդհանուր քաղաքական բանավեճերը չեն հասցրել հակամարտության քաղաքական կարգավորման ոչ մի առաջընթացի՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում երկու պետությունների առաջնորդների ուղիղ շփումներին եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Երեւանը իր հայտարարություններով «վիժեցնում է այդ գործընթացը եւ խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Մամեդյարովը կրկին նշել է, որ Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը, ապա սպառնացել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող եւ չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործեց, Փաշինյանի հետ մինչ այժմ կայացած բանակցությունների անարդյունավետությունը ցույց տալու համար։ Ավելին՝ երկրի արտաքին գործերի նախարարի մակարդակով՝ ՄԱԿ-ից շեշտում են, որ Ադրբեջանը հավերժ չի բանակցելու, այսինքն՝ միջազգային հանրությունից պատերազմ հրահրելու, լարվածություն ստեղծելու քարտ-բլանշ են փորձում ստանալ։

Այս իրավիճակում Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը մեծ անելիք ունի՝ հենց միջազգային հանրության հետ աշխատանքներում։ Ադրբեջանին պետք է վերադարձնել այն իրավիճակին, որում նա գտնվում էր 2016թ. ապրիլյան պատերազմը սկսելուց հետո։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031