Երբ մեր երկրում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքն էր քննարկվում, հասարակության մի հատված բորբոքված ցույցեր էր անում, թե՝ տան լվացքը դուրս չպիտի հանեն, հայեցի չի, հայու գենը պիտի պահել, մինչեւ էսօր ո՞նց ենք ապրել, պիտի ոստիկա՞նը միջամտի, բա մեր ադաթները, նամուս, թասիբ: Որ ամենասարսափելին էր, հնչում էին ու հիմա էլ կան տեսակետներ, թե «իրա մարդն ա, կուզի՝ կծեծի, կուզի՝ կսիրի, էդ ի՞նչ բողոքելու բան է, ընտանիք եք քանդում»:
Ձեզանից քչերը կարող են պատկերացնել, որ առաջին հայացքից հասարակության մոտ անգամ ամենահամարձակ, ակտիվ, աշխույժ երեւացող կանայք իրենց տան պատերից ներս դժոխքով են անցնում: Ընտանեկան բռնությունն այդպիսի բան է՝ ստորացուցիչ, նվաստացնող, այնքան ճնշող, որ գերադասում ես լռել, որ չիմանան դու այդքան թույլ ես, մտածում ես՝ կփոխվի, մտածում ես՝ կհաղթահարես, մտածում ես՝ բա երեխաները, մտածում ես հազար ու մի բան, բացի այն, ինչ քաղաքակիրթ երկրներում արդեն վաղուց մտածել ու լուծել են: Բռնարարի տեղը բանտում է:
Մեր երկրում ապրող հարյուրավոր բռնարարներից մեկն իմ կյանքից խլեց 12 տարի: Ամուսնության առաջին օրերին ինձ ներկայացրեցին «նոր կյանքի»՝ իրենց «ադաթով ընտանիքի» կանոնները՝ աշխատավարձդ տալիս ես մամային՝ սկեսրոջդ, նա է տնօրինում ընտանեկան բյուջեն, տնից դուրս գալու պլանների մասին տեղեկացնում ես առնվազն մեկ օր առաջ, որովհետեւ դա պետք է քննարկվի «ընտանեկան ժողովում», մոր տուն գնալու մասին առաջիկա ամիսներին մոռանում ես, հետո, եթե քեզ խելոք պահեցիր՝ կտեսնենք, ամեն բանի թույլտվություն ստանալու համար պետք է ճիշտ մոտեցում ունենաս, ասենք՝ չես կարող ասել «ես ուզում եմ վաղը գնամ քրոջս տուն», պիտի ասես՝ «թույլ կտա՞ս գնամ քրոջս տուն», ինքն էլ կասի՝ ժամը քանիսին ես գնում, քանիսին ես հետ գալիս, եթե իհարկե, թույլ տա, ամեն ինչ հարցնում ես «եռաստիճան համակարգով», սկզբում՝ամուսնուն, հետո՝ երկրորդ դասի խորհրդականին՝ սկեսուրիդ, հետո գալիս է վերին ատյանը՝ սկեսրայրը: Սկեսրոջդ ներկայությամբ ամեն բառդ ասելուց առաջ հազար չափում, նոր կտրում ես: Հիշում եմ, մի անգամ, երբ դեռ այս կանոններին անփորձ հյուրասենյակ մտա ու ապարանցիների մասին նոր լսածս անեկդոտը պատմեցի, սկեսուրս խուճապահար աչքերը դեսուդեն ֆռռացնելով, թեւիցս բռնեց ու մի կողմ տարավ, թե բա՝ «հարսը մի քիչ զուսպ կլինի, սկեսրայրի մոտ անեկդոտ պատմելը ո՞րն ա, դու սենց մեղմ մի նայի, սկեսրայրդ որ ջղայնացավ՝ խակդ կմնա, հասածդ կթափի»: Սկեսուր մայրիկի այս ահաբեկում-դասընթացները ամեն օր ականջս էին լցնում, թե բա՝ «սկեսրայրդ որ օձին թքեց՝ օձը կսատկի, այնպես որ՝ հաշիվդ իմացի»:
Հրապարակված կանոնները, ինչքան էլ ինձ խորթ էին ու անհեթեթ, փորձում էի չխախտել, մտածում էի՝ գուցե ամուսնական կյանքը սա է, գուցե բոլոր ամուսնացածներն այսպես են անում, գուցե ինձ ծնողներս ազատ են պահել, թողել են ինքնուրույն որոշումներ կայացնեմ, իրականում ճիշտը սա է…Ես աշխատավարձս դնում էի սեղանին, աշխատանքի գնալու փողը թաքուն վերցնում էի ծնողներիցս՝ էդ «թաքուն գործարքի» ժամանակ հազար անգամ վախից էն աշխարհ էի գնում, որ հանկարծ չբռնվեի, չիմանային:
Կարդացեք նաև
Իսկ «ադաթով տանը» օր օրի նոր պահանջներ էին ավելանում, օրինակ, սկեսուրս ուզում էր, որ իր ոտքերն էպիլատորով մաքրեմ, առավոտյան ժամը 6-ին արթնանամ ու հում կարտոֆիլի, կաղամբի ու գազարի հյութ իր համար քամեմ, որ հանկարծ քաղցկեղ չունենա, կանխարգելեմ իր հնարավոր հիվանդությունները: Հետո ստիպում էին, որ ես իմ սիրելի մասնագիտությունը, որը ձեռք բերելու համար տարիներով սովորել եմ, ուսանողության տարիներից աշխատել՝ թողնեմ, աշխատանքից դուրս գամ, մի արհեստ սովորեմ: Սկեսուրս ասում էր՝ «ես իմ ամեն աղջկա ձեռքին ոսկե բիլազուկ եմ գցել» (նկատի ունի տորթ թխելու, վարսավիրություն անելու, սեղանի ձեւավորման եւ նմանատիպ դասընթացները): Աշխատանքից դուրս չեկա, որովհետեւ չէինք գոյատեւի, բայց ընտանեկան ժողովի որոշմամբ ես մատնահարդարման կուրսերի գնացի: Առաջին դասընթացները չավարտած՝ ինչքան հարեւան ու բարեկամ ունեինք՝ սկեսուրս հրավիրում էր՝ էժան գներով մատնահարդարման: Բոլորին ասում էին, որ ես շատ սիրով եմ անում, որ ես ծնվել եմ մատնահարդար, ուղղակի դրա մասին չեմ իմացել մինչեւ ամուսնանալս:
Անթիվ անքուն գիշերներ, ինքնասպանության տարաբնույթ փորձեր, պատշգամբից կախվելու անհեթեթ պլաններ, այս բոլոր փուլերը հաղթահարել եմ: Երեխայի էի սպասում: Իսկ երեխայիս ծնվելուց հետո ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապս կորցրի: Առաջին անգամ փախուստի փորձ արել եմ, երբ երեխաս 6 ամսական էր: Միակ հենարանը ծնողներս էին, բայց մայրս, լինելով ավանդապաշտ ընտանիքից, սկսեց համոզել, որ վերադառնամ, երկար տարիներ ականջներումս նրա խոսքերն էին՝ «աղջիկ ջան, հետդարձի ճանապարհ չկա, գնա ամուսնուդ տուն»: Հասկանում եմ՝ չէին ուզում «ընտանիքս» կորցնեի: Ծնողներիս հակափաստարկը սա էր՝ «խմող չի, թմրամոլ չի, ի՞նչ կա չհանդուրժելու, բոլորի տներում էլ մի խնդիր կա»: Ժամեր անց սկեսուր, սկեսրայր, ողջ ընտանեկան կազմով մեր տանն էին, վստահեցնում էին, որ հասկացել են իրենց սխալը, հիմա այլ կերպ կլինի, ազատ կլինենք, կուզենք՝ առանձին կապրենք, իմ սրտով կլինի: Առանձին, իհարկե, չապրեցինք, բայց օր առ օր, ամիս առ ամիս, տարի առ տարի հետ եմ գրավել իմ ազատությունը, ազատ շարժվելու, ազատ ուտելու, ազատ երեխայիս սիրելու, ազատ հյուրեր կանչելու ու հյուր գնալու իրավունքները: Որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա, գրավել եմ երեխայիս հետ «ձի-ձի» խաղալու իրավունքը, որովհետեւ դա մեր տանն արգելված էր ու ամոթ էր, գրավել եմ սեփական երեխայիս լողացնելու իրավունքը, որովհետեւ մինչ այդ ես կարող էի միայն լողանալու ջուրը սարքել, գրավել եմ երեխայիս իմ աշխատավարձով իմ ուզած հագուստը, խաղալիքը գնելու իրավունքը ….Որ ամենակարեւորն էր՝ այդ տանը ես գրավել եմ ազատ խոսելու ու ազատ արտահայտվելու իմ իրավունքը:
Այդ ազատությունն իր հետ բերեց նոր խնդիրներ: Քարեդարյան սկզբունքներին փաստարկով պատասխանելու իմ փորձերը սկսեց հանգեցնել բռնության: Խոհանոցի վերջին անկյունում սեղանի մոտ կուչ եկած՝ մեջքիս ու ոտքերիս աքացիներով հարվածները նրա համար էին, որ երեխային Հայոց բանակի օրը մանկապարտեզ փորձեցի ճանապարհել 3 հատ փուչիկով՝ կարմիր, կապույտ ծիրանագույն: «Ամուսինս» մինչեւ հոգու խորքը վիրավորվել էր, թե ո՞նց եմ ինձ թույլ տվել իմ «կարճ խելքով» փուչիկ տալ իրենց ձեռքը՝ «ես տղամարդ եմ, փուչիկով երեխա՞ պիտի տանեմ պարտեզ»: Հազիվ հասցրի ասել, որ տղամարդկությունը դրա մեջ չի, երեխային փուչիկով մանկապարտեզ տանելը հայրություն է, շատ սիրուն տեսարան, շատ ավելի կարեւոր հարցեր կան տղամարդ լինելու…Առաջին ծեծը շոկային էր, անսպասելի: Մինչ այդ բազմաթիվ վեճերի, խոսակցությունների, զրույցների ժամանակ ես մի քանի անգամ ասել էի՝ շատ բաներ կարող եմ տանել, ներել, կուլ տալ, բայց ֆիզիկական բռնությունը երբեք չեմ հանդուրժի: Հանդուրժեցի: Մի կողմից՝ երկու երեխաներս, որոնց առջեւ պատասխանատու էի, մյուս կողմից ներողությունները, հիփոթեքով տան ծրագրի մեջ միայնակ ընդգրկվելու անհույս ճիգերս ամիսներ անց ստիպեցին տեղի տալ ու հարմարվել: Արդեն ինձ ներշնչել էին, որ ես եմ մեղավոր, եթե ինձ ծեծում են, տղամարդը տաքարյուն էակ է, շուտ է բորբոքվում պիտի չպատասխանեմ: Մի անգամ ճաշի ամանը գլխիս եկավ, հազիվ խաբս տվեցի, մի անգամ սեղանը շուռ տվեցին վրաս, մի անգամ մազերիցս քաշեցին…Որ ամենասարսափելին էր, բռնության սկսեց ենթարկվել նաեւ երեխաս, աշխատանքից տուն էի գալիս, տեսնում էի՝ տան սրբիչներն արյունոտ, լվացքի տաշտի մեջ գցած, պարզվում էր՝ պապիկին չի լսել՝ «մի մուշտի» են տվել, իսկ քանի որ երեխային փափկասուն եմ մեծացրել, քթից արյուն է եկել: Ընդամենը: Հետո մեծին չհարգելու եւ հեռուստացույցի ալիքը չփոխելու համար ծանր հանրագիտարանն էր գալիս գլխին, երկաթե խաղալիք ավտոմեքենան շպրտում էին հետեւից, կհասցներ՝ կմտներ սենյակ, դուռը կփակեր, չէր հասցնի՝ ուրեմն լավ դաս կլինի, կիմանա իրեն ոնց պահի:
Ամենաանհեթեթ կենցաղային խնդիրներից բռնկված կռիվները դարձան սովորական, մինչեւ այն ժամանակ, երբ ինձ հաջողվեց հիփոթեքով բնակարանային հատուկ ծրագրի մեջ ներառվել: Մինչ այդ տարիներ պահանջվեց, որ կարողանամ ամեն ամսվա աշխատավարձիցս մի հատված պահելով՝ կանխավճար հավաքել ու իրականացնել երազանքս՝ ունենալ իմ տունն ու ապրել երեխաներիս հետ խաղաղ կյանքով, առանց վեճերի ու բռնությունների: Հիփոթեքով ծրագրի հաստատումը դատավճիռ էր ու որեւէ կասկած չկար, որ տունը լինելու դեպքում ամուսնալուծությունը օրերի հարց է: Բռնությունների սպառնալիքներն սկսեցին ավելի հաճախակի դառնալ, «ամուսինս» պարզապես առիթ էր փնտրում վիճելու, սպառնալու, մտնում էր սենյակ, մի թեմա բացում ու սպառնում ատամներս ջարդել:
Այդ օրն աշխատանքի էի գնում, ուշանում էի, տաքսի կանչեցի ու ուզում էի տանից դուրս գալ, «ամուսինս» մտավ սենյակ ու դուռը փակեց: Ինչպես ավելի ուշ հասկացա, տրամադրված էր ծեծի: Հարցրեց՝ ե՞րբ եմ տուն գալու, ասացի՝ անորոշ է, կոնկրետ ժամ կդժվարանամ ասել, որովհետեւ սա պիտի հասցնեմ անել, այստեղ լինել, այսինչ գործն անել եւ այլն: Ասաց՝ բա երեխաներիդ ո՞վ է նայելու, որ գնում ես: Հիշեցրի, որ երեխաները միայն իմը չեն, ինչքան որ ես եմ պարտավոր նրանց պահել, ճիշտ այդքան էլ ինքը, մանավանդ, որ տանն է, չի աշխատում: Աչքս գետնից վերեւ չէի բարձրացրել, բռունցքներով հարվածները տեղացին գլխիս, հարվածում էր նպատակային՝ ուղեղիս շրջանում, քունքիս: Մի քանի հարվածից հետո ուշագնաց եղա, արթնացա այն ժամանակ, երբ սկեսրայրս տղային նախատում էր՝ «ուշացել ես, բերած օրվանից, որ ծեծեիր՝ էս օրը չէիք ընկնի»:
Այդ ծեծի արդյունքում գլխի շրջանում ստացած վնասվածքներով հայտնվեցի հիվանդանոցում: Ծնողներս հասկացել էին, որ կարող էին ինձ անվերադարձ կորցնել ու գլխի շրջանում ստացած թեկուզ մի հարվածը կարող էր ճակատագրական լինել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուղիղ գնացել եմ ոստիկանություն: Ժամեր անց ընտանեկան բռնության առանձին ստորաբաժանումից իմացա, որ «տղամարդը» խոստովանել էր, ասել, որ զղջում է իր արածի համար ու խնդրում քրգործ չհարուցել իր նկատմամբ: Նրան ճանաչել էին բռնարար, որոշել անհետաձգելի միջամտություն կիրառել՝ արգելել հանդիպել ինձ կամ երեխաներիս, գալ աշխատավայր, զանգահարել կամ որեւէ կապի միջոցով փորձել կապվել, առնվազն 100 մետր շառավղով պետք է հեռու լիներ: Նախկինում բազմաթիվ դեպքեր եմ լսել, թե ինչպես են արձագանքել նույն ոստիկանությունում ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ինչպես են հեգնել ու ճանապարհել տուն: Օրենքի առկայությունը ոստիկանների ամենօրյա հսկողությունը՝ սկսած իրերս հավաքելիս ինձ ուղեկցելուց մինչեւ տուն ճանապարհելը պարզապես փրկություն էր այդ ցավոտ ու ճնշող օրերին:
Հիմա ես ապրում եմ՝ երեխաներիս հետ ամեն օրը վայելելով, փոխադարձ սիրով շրջապատված: Առջեւում երազանքներս են, հետեւում՝ ձեռք բերածս փորձը, որ 12 տարի ինձնից տարավ: Ասել, որ ցավն անցել է, այդ էջը փակել եմ՝ չեմ կարող, տնտեսական, սոցիալական, ֆիզիկական բռնություններով ամեն օրը հետք է թողել, բայց ամենից շատ վերքի պես ցավեցնում է այն, որ այդ ամենը երկար տարիներ հանդուրժել եմ: Հիմա ես մինչեւ հոգուս խորքը շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջատագովն էին Հայաստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ներդրման՝ ի հեճուկս կարծրատիպային մտածելակերպի: Եթե այս օրենքը նպաստել է գեթ մի կնոջ, մի երեխայի՝ առանց բռնության ապրելու իրավունքի հաստատմանը, ուրեմն այն ծառայում է իր նպատակին:
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Հայաստանում, ըստ ոստիկանության, 2017 թվականի առաջին յոթ ամիսներին միայն գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից զգալի մեծամասնությունը՝ ամուսնու կողմից՝ կնոջ նկատմամբ։ 2018 թվականին ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Կանանց ռեսուրսային կենտրոնի տվյալներով՝ ամեն տարի շուրջ 10 կին է սպանվում ընտանեկան բռնությունից՝ զուգընկերոջ կողմից։
Հ.Գ. Հրապարակման տակ անուն-ազգանունիս բացակայությունը պայմանավորված է զուտ երեխաներիս իրավունքներով ու շահով:
Ինչ այլանդակություն է ամուսնու արածը, մեկը լինի իրեն այդպես ծեծեր: