Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հնարավոր է ունենա նոր քույր քաղաք․ գյումրեցի պատանիների՝ Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումից

Հոկտեմբեր 01,2019 21:30

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, որը գլխավորում էր «Հայաստան -Գերմանիա» դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում վերջերս Բեռլին այցելած հայկական պատվիրակությունը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ գյումրեցի դպրոցականներն ու ուսուցիչները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանի հրավերով այցելել են նաև Հայաստանի դեսպանատուն:

Աշոտ Սմբատյանը հյուրընկալված գյումրեցիներին կարևոր մի տեղեկություն է հաղորդել․ Արթուր Նաջարյանի փոխանցմամբ՝ դեսպանն ասել է, որ ցանկություն կա Գյումրին ու Հալլեն դարձնել քույր քաղաքներ։

Նշենք, որ Հալլեն, ինչպես և Գյումրին, մշակութային քաղաք է․ այն համարվում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային մայրաքաղաքը․ այստեղ բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը Շիրակի դաշտավայրից է։ Այս քաղաքն ունի հայկական եկեղեցի, որ շենքը հարակից կառույցներով՝ շուրջ 30 հազար եվրո արժեքով գնել է հայ համայնքը։ Այն Գերմանիայում երկրորդ լուրջ հայկական սեփականությունն է Հայաստանի դեսպանատան շենքից հետո։ Այս քաղաքում գործում է նաև հայերենի շաբաթօրյա դպրոց, պարախումբ։

Ի դեպ, այն Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին քաղաքներից է, որը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող (տուֆից պատրաստված խաչքար) է կանգնեցրել` նախքան Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Արթուր Նաջարյանն ասաց․ «Դեսպանի հետ հանդիպեցինք սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, որ խորհրդանշական է։ Դեսպանն ասաց, թեև աշխատանքային օր չէ, բայց դեսպանատունը բաց է լինելու և միասին ենք նշելու Անկախությունը։

Մեր պատվիրակության անդամներով այցելեցինք դեսպանություն, որի տարածքը, հողը, ի դեպ, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ջերմ միջավայր էր, գյումրեցի պատանիները հնարավորություն ունեցան շրջել ամբողջ դեսպանատանը՝ ներքևից մինչև վերև, բակով, ավտոտնակներով, աշխատասենյակներով։ Դեսպանն ինքն անձամբ ծանոթացրեց այդ ամենին, հետո հյուրասիրություն կազմակերպեց ընտանեկան սեղանի նման ու սկսեցինք խոսել տարբեր թեմաներից՝ իր անցած ճանապարհից, կրթությունից, խնդիրներից, խոսեցինք, թե Բեռլինում ինչպես է վիճակը։

Մեր աշակերտներն աստիճանաբար սկսեցին տարբեր թեմաներից հարցեր տալ՝ ինչպիսի՞ն է Հայաստան-Գերմանիա համագործակցությունը, անդրադարձ եղավ Հայոց Ցեղասպանությանը, խոսեցինք այն մասին, թե Հայաստանի դպրոցներում ներառական կրթության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն, մինչև անգամ հասանք նրան, որ հնարավոր է Հայաստանի Գյումրի և Գերմանիայի Հալլե քաղաքները դառնան քույր քաղաքներ։

Դեսպանը նշեց, որ ցանկություն կա քույր քաղաքներ դարձնելու, մեր պատանիներն ասացին՝ մենք՝ որպես փոքրիկ դեսպանորդներ Հայաստանից, պատրաստակամ ենք ձեզ աջակցելու։ Մենք էլ՝ որպես կառույցի ներկայացուցիչներ, խոստացել ենք դեսպանին, որ առաջիկայում հանդիպում կունենանք մեր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ ներկայացնելով այս մասին ու փորձելով կապի միջոց դառնալ դեսպանի և Գյումրու քաղաքապետի միջև, համատեղ հանդիպում կազմակերպել։

Երեխաների համար սա հիանալի հնարավորություն էր տեսնել պետական պաշտոնյայի, ով այդքան բաց էր ու ով լինելով դիվանագիտական ծառայություն իրականացնող անձ՝ այդքան կարևորում է մեր կրթության մեջ երեխաների շարժունությունը, երեխաների միջազգային ծրագրերին մասնակցությունը։ Մեր երեխաներն ասացին՝այո, եթե փոքր ազգ լինելով՝ ուզում ենք լինել աշխարհին ճանաչելի, պետք է ճանապարհորդելու հնարավորություն ունենալ»։

Արթուր Նաջարյանը նաև ասաց, որ գյումրեցի դպրոցականները եղել են Բեռլինի դպրոցներում ու մասնակցել են մի քանի առարկաների դասընթացների՝ տեսնելու, թե ինչ մեթոդներով են Գերմանիայի դպրոցներում դասավանդում։

«Մեր աշակերտները զարմացած էին ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններից․ ինչպես կարող է ուսուցիչը գալ սպորտային համազգեստով կամ ջինսով, իր հագուկապով լինել ոչ ֆորմալ ու այդքան պաշտոնական լինի շփումը, մեծ հարգանք լինի աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում։ Տաբուներ կան, որոնք Հայաստանում ընդունված են, իսկ Գերմանիայում մեր պատանիները տեսան, որ չկան, առանց այդ տաբուների կարգը կարգ է, օրենքը՝ օրենք, ինչը հիանալի է»,-ասում է ԵՆԿ նախագահը։

Հիշեցնենք, որ Գյումրիի 13 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որից 8-ը Գյումրու տարբեր դպրոցների աշակերտներ էին, 4-ը՝ ուսուցիչներ, «Շարժողություն՝ առանց խնդիրների» թեմայի շրջանակում էին այցելել Բեռլին, նրանք հյուրընկալվել էին Գերմանիայի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամենամեծ դպրոցը՝ «Կարլ Վոն Լին», սովորել անվասալյակներ աշխատեցնելու ձևը ու երկու օր շարունակ՝ առավոտից երեկո, անվասալյակների վրա նստած՝ օգտվել էին հասարակական տրանսպորտից, այցելել Բեռլինի թանգարաններ, սրճարաններ, ռեստորաններ, որպեսզի զգային հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառված լինելու կարևորությունը։

Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ, մյուս տարի սեպտեմբերին էլ երկշաբաթյա այցով Հայաստանում կլինի Գերմանիայի պատվիրակությունը, որը կհյուրընկալվի նաև Գյումրիում։ Նրանք նույնպես կմասնակցեն կրթական պրոցեսների, կքննարկեն կրթական ոլորտում պետական մակարդակով համագործակցության հարցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031