Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու ժողովրդավարական պետություն է. Ֆրենք Փալոուն

Հոկտեմբեր 01,2019 20:50

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա պարբերական այցելություններն Արցախ, որոնք հիմք են հանդիսանում վերջինիս կողմից յուրաքանչյուր այցից հետո Կոնգրեսին նոր նախաձեռնություններ և բանաձևեր ներկայացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված՝ իր և իր գործընկերների տեսաուղերձների համար՝ նշելով, որ դրանք Արցախի ժողովրդին ոգեշնչելուց զատ նաև փաստում են Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության բացարձակ գաղափարին:

Կոնգրեսական Ֆրենք Փալոունը ԱԺ նախագահին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային հավասարակշռության պահպանման անհրաժեշտությանն ուղղված իր և գործընկերների առաջիկա ծրագրերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում՝ Արցախի հայկականության ու նրա անվտանգության ներկայիս բաղադրիչների պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Քննարկվել են նաև Արցախի տնտեսությանը ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավար կազմի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է,  որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը և Արցախի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն տարածելու Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Նա անդրադարձել է Ֆրենք Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի նախագծերին, որոնք նպատակ ունեն հակազդելու տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու աջակցելու լարվածության թուլացմանը:

Կոնգրեսական Ֆրենք Փալոունը, ողջունելով ներկաներին  նշել է, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու  ժողովրդավարական պետություն է, և իրենք իրենց այցերով պետք է ակտիվացնեն  համագործակցությունը Արցախի Հանրապետության և տարբեր երկրների պետական համակարգերի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին և դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Առավոտյան կոնգրեսական Փալոունին և նրան ուղեկցող պատվիրակությանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մելքումյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Արցախի Հանրապետության լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031