ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք արտանետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց: Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված և արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետ արտանետել են հիմնարկի տարածք: Մինչ թիվ 29 խցի դատապարտյալները ձկան թելին ամրացրած փաթեթը փորձել են ներքաշել խուց, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները նկատել են գործողությունը և կանխել փոխանցումը։
Փաթեթում առկա են եղել բուպրենորֆին տեսակի թմրամիջոց հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 դեղահաբ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 54 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը նախատեսված է եղել 3 հոգու համար: Դեպքի վայրից վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող, 20 մետր երկարությամբ ձկան թելը՝ ծայրին ամրացված փայտե կտոր, որը պատված է եղել քաշ ապահովող հացի խմորով։ Բացի այդ՝ նույն խցի չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 1 ներարկիչ, 1 զույգ ականջակալ և հեռախոսի լիցքավորման 1 սարք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին