«Համաձայն եմ Եվրասիական տնտեսական միության աշխատանքի դրական արձանագրումների հետ: ԵՏՄ-ն զարգանում է, ընդհանուր շուկան հաջողությամբ կատարում է իր գործառույթները: ԵՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ են ազդում անդամ-երկրների տնտեսական աճի վրա, նպաստում են քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը»,-Երեւանում այսօր ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա որպես առաջնահերթություն առանձնացրեց այն փաստը, որ առաջիկայում մշակվելու է ԵՏՄ երկրների էլեկտրաէներգետիկ միասնական շուկայի ստեղծման մասին համաձայնագիրը:
Ապա Պուտինը ողջունեց Մոլդովայի եւ Իրանի նախագահներին, Սինգապուրի վարչապետին. «Սինգապուրի հետ բարենպաստ պայմաններ կստեղծվեն մի շարք ոլորտներում: Սինգապուրը վստահելի գործընկեր է՝ զարգացող տնտեսությամբ: Հույս ունենք, որ հոկտեմբերի վերջին ուժի մեջ մտնող Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը կբերի առեւտրաշրջանառության խոչընդոտների հաղթահարմանը: Այս ամենը նպաստելու է միասնական առեւտրի զարգացմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ