«Նախորդ իշխանության ժամանակ մարզպետներին տրվել են բազմաթիվ լծակներ, գործնականում գրեթե բոլոր գյուղապետները վերածվել են մարզպետներին ենթակա-ստորադաս մարմինների: Այդ ամբողջ համակարգը մտածված է եղել, որ հետո այդ մարզպետներն ընտրություններին իշխանությանը ձայն բերեն: Ես ակնկալում էի, որ պետք է այդ խնդիրը լուծվի ներկայացված նախագծով: Բայց մենք դեռ ունենք նույն մոդելը, որ մարզպետները միջամտում են ընտրություններին, հայտարարում են, որ գյուղապետի են ազատելու, ծեծում են սպայի: Ունենք խնդրահարույց համակարգ, օրենքով առաջընթաց չենք ամրագրում»,- այսօր խորհրդարանում մտահոգություններ հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը`հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է այդ իրողություններին լուծում տալիս քննարկվող նախագիծը:
Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է «Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հարցը ներկայացնող փոխնախարար Վաչե Տերտերյանը չի կիսում պատգամավորի մտահոգությունները. «Միշտ չէ, որ հնարավոր է միջամտել ընտրություններին ու որոշիչ դերակատարում ունենալ»: Նա փաստում է, որ եղել են նաև հակառակ դեպքեր, երբ բնակչությունն իր դիրքորոշումն արտահայտել է, և խնդիրը լուծվել է այդ համատեքստում. «Բացասական, անթույլատրելի երևույթները, ես ձեզ վստահեցնում եմ, պայմանավորված չէին և չեն օրենքներով: Եվ նախկինում գործող իրավակարգավորումներում և հիմա առաջարկված նախագծում մարզպետի՝ ոչ միայն ընտրություններին, այլև համայնքային գործերին որևէ միջամտության մեխանիզմ ուղիղ առումով չկա»:
Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ համայնքների բյուջեների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ևս միջամտության ձև է: Փոխնախարարը պարզաբանում է` կան պետական բյուջեից հատկացումների մի քանի ձևեր, որոնցից մեկը սուբվենցիոն փոխանցումն է. «Եվ ճիշտ է, որ տարածքային կառավարման մարմինն ունենա առաջարկություններ անելու հնարավորություն, սակայն թե դրանք ինչպես կիրացվեն, արդեն պետական իշխանության քաղաքական պատասխանատվության խնդիր է: Չենք կարող նման բաներից խուսափել»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց պատգամավորի մտահոգություններին, մասնավորաբար «սպա ծեծող մարզպետ» եզրույթին, ինչը, ամենայն հավանականությամբ, Վայոց Ձորի հայտնի դեպքերին էր վերաբերվում:
«Դուք շատ վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենայիք, վստահորեն նման պնդում չէիք անի»,- Գեւորգ Գորգիսյանին դիմեց Արարատ Միրզոյանը` հույս հայտնելով, որ պատգամավորը կնպաստի գործի արդար քննությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ