Այսօր նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի բակում վրաստանցի լրագրողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց ուղղեց օկուպացված տարածքների մասին:
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ներս էին մտնում, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը՝ անտեսելով արարողակարգի պահանջը՝ լրագրողների համար նախատեսված հատվածից դուրս եկավ, փորձեց մոտենալ նախագահներին:
Ապա հարց ուղղեց ՌԴ նախագահ Պուտինին.«Ե՞րբ եք կատարելու ձեր պարտականությունները եւ դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»:
«Ռուսաստանը միշտ է կատարում իր պարտականությունները»,-առաջ ընկնելով պատասխանեց Պուտինը:
Կարդացեք նաև
Վրացի լրագրողին այդ ընթացքում մոտեցան անվտանգության աշխատակիցներն ու մի կին՝ հավանաբար գործընկերը, որն էլ նրան հեռացրեց այդ հատվածից:
Նշենք նաեւ, որ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը եւ մի խումբ այլ մարդիկ բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26-ի դիմաց՝ «Մեր եւ ձեր ազատության համար» պաստառներով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ