Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նախագիծը Օպերայի տարածքի սրճարանների հետ կապ չունի. Վաչե Տերտերյան

Հոկտեմբեր 01,2019 15:24

«Տպավորություն կա, որ այս նախագծով համայնքի ղեկավարներին հուշում ենք`քանդեք այն ապօրինի կառույցները, որոնք կան: Բայց պատկերացնո՞ւմ եք տասնյակ տարիներ մարդիկ մի ավտոտնակ են կառուցել ու չեն կարողացել գրանցել: Ինչպես գիտեք, դրանք հիմնականում սոցիալապես անապահով խավն է, հարուստները գրանցել են»,- այսօր խորհրդարանում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին իր դիտարկումները փոխանցեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են կարգավորվելու այդ հարցերը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը չի կիսում պատգամավորի տպավորությունը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի, համայնքային իշխանություններին հնարավորություն է տրվում ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարումները կատարել 2 տարում` եռամսյակային պարբերականությամբ:

Վաչե Տերտերյանն այսպես է հիմնավորում կառավարության առաջարկը. «Նախագծերը վերաբերում են համայնքներին արտոնություն տրամադրելուն: Առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ: Հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով»:

Ըստ փոխնախարարի, հատկապես խոշոր համայնքներում առկա են հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը:

Փոխնախարարն այդ գործընթացը կանոնակարգելու համար կարևորեց, որ համայնքային իշխանությունները կարողանան այդ գույքերը՝ որպես համայնքային սեփականություն, գրանցել ու հետո պատշաճ տիրապետել. «Կարծում եմ, սրանով ավելի հեշտ կդարձնենք համայնքային իշխանությունների համար ապօրինի շինությունների հետ օրենքով նախատեսված և իրենց իրավասություններում գտնվող գործառույթների իրականացումը, ինչը կբերի հնարավորության մեծացման»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ հետաքրքվեց`այդ փոփոխությունը կվերաբերի՞ Օպերայի տարածքի սրճարանների կամ այլ կանաչ տարածքներում ապօրինի սրճարանների օրինականացմանը եւ դրանց հետագա տնօրինմանը համայնքի կողմից: «Այս օրենքը վերաբերվում է եւ Օպերայի տարածքին եւ Շենգավիթի տարածքին, եւ ամենահեռու կամ ամենամոտիկ որեւէ տարածքի: խոսքը չի վերաբերվում օբյեկտին, այլ հողին, որի սեփականատերը համայնքն է»,- ասաց Վաչե Տերտերյանը`հավելելով, որ Օպերայի տարածքի հողերի սեփականատերը Երեւանի համայնքն է եւ եթե ցանկանան գրանցել որեւէ տարածքների համար սեփականություն, պետք է համապատասխան վճարներ կատարեն պետությանը, կան նաեւ այլ վճարներ, որոնք համայնքն է կատարում, ինչին տարաժամկետում են տալիս:

«Ինչ վերաբերվում է ապագայում օրինականացնել- չօրինականացնել`այս թեմայի հետ կապ չունի»,- ասաց Վաչե Տերտերյանը հավելելով, որ նախագծով ընդամենը պարտադիր վճարումների տարաժամկետմանն է վերաբերվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031