Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար կարեւոր է՝ մյուս խմբակցությունները կմիանա՞ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությանը, թե՞ ոչ. «Նախագծի հիմքում չկա որեւէ քաղաքական նախադասություն, ամբողջությամբ նախագիծը հիմնված է բացառապես իրավական փաստերի, իրավական հիմնավորումների վրա: Այս պարագայում հուսամ, որ ԲՀԿ-ն նույնպես կմիանա նախագծին»:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է:
Մակունցն ասաց, որ առաջարկել են ԲՀԿ-ին նախապես հայտնել իրենց դիրքորոշումը՝ կո՞ղմ են քվեարկելու, թե՞ ոչ: ԲՀԿ-ն որեւէ տեսակետ մինչ օրս չի հայտնել: Հարցին՝ բանակցո՞ւմ եք ԲՀԿ-ի հետ՝ Մակունցն այսպես պատասխանեց. «Մենք չենք բանակցել, բայց ես խնդրել եմ պարոն Արման Աբովյանին, եթե իրենք նպատակահարմար կգտնեն, տեղեկացնեն մեզ իրենց դիրքորոշման մասին նախապես, այնպես, ինչպես «Լուսավոր Հայաստանն» է արել: Պարոն Աբովյանն այսօր ինձ տեղեկացրեց, որ խմբակցությունում ընթանում են քննարկումներ եւ այս պահին չկա միասնական դիրքորոշում, կարծիքները տարբեր են»:
Սակայն լրագրողների հետ զրույցում Արման Աբովյանին երբ հարցրեցին՝ Մակունցին ասել եք, որ տարբեր տեսակետներ կան, ի՞նչ տեսակետների մասին է խոսքը եւ այս պահին ո՞ր տեսակետին են հակված՝ աչքերը զարմացած կլորացրեց: Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկումներ են գնում եւ այսօր այս պահին հստակ ոչ մի բան ասել չեմ կարող, մենք փաստաթուղթը դիտարկում ենք ընդամենը իրավական դաշտում: Երբ մեր իրավաբանները կտան եզրակացությունը, կլինի խմբակցությունում քննարկում, ըստ այդմ կլինի որոշում»:
Կարդացեք նաև
Աբովյանն ասաց, որ ոչ մի տարակարծության հիմքեր չի ուզում տալ, մինչեւ քվեարկությունը իրենց դիրքորոշումը պարզ կլինի: Բայց վստահեցրեց, որ զուտ ուսումնասիրում են իրավական համապատասխանելիությունը:
Հիշեցնենք, որ Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցն ընդգրկված է այս քառօրյայի օրակարգում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ