ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը Ստրասբուրգում 01.10.2019թ. «Ազդարարման պաշտպանության բարելավումը ողջ Եվրոպայում» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում
Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել զեկուցող Վասերմանին այս կարևոր աշխատանքն իրականացնելու համար, որի միջոցով անդամ պետությունները կարող են բարելավել ազդարարման համակարգերը:
Անշուշտ, իրավական մեխանիզմների բարելավումը մերօրյա աշխարհում լուրջ մարտահրավերներ ունի հատկապես այն պարագայում, երբ տարբեր գործողություններ են օգտագործվում հանրային միջոցները սեփականացնելու կամ քաղաքական խախտումներ իրականացնելու համար: Գաղտնիությունը, անանունությունը, համապատասխան ընթացակարգը, ինչպես նաև անվտանգության երաշխավորությունը այն չորս հիմնական սյուներն են, որ պաշտպանում են ազդարարին:
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, սակայն կոռուպցիայի դեմ պայքարն ամենօրյա գործընթաց է ավելի ստորին օղակներում: Այստեղ ոչ միայն կարևոր է օրենքի առկայությունը, այլև՝ ազդարարի հասարակական ընկալումները: Այս զեկույցում պետք է նաև առանձնացնենք այն, որ Հայաստանը նույնպես ունի համապատասխան օրենք և նաև անկախ համակարգ՝ ազդարարելու համար: Ես լիահույս եմ, որ այս զեկույցը նախորդ զեկույցների հետ մեկտեղ հիմք կդառնան Եվրոպայի Խորհրդում համապատասխան կոնվենցիայի առաջադրման համար:
Կարդացեք նաև
Իրավական մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ ազդարարման ցածր թիվը խոսում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի վերաբերյալ: Ազդարարի հասարակական ընկալումը ոչ միշտ է միանշանակ: Այս պարագայում մենք կարևոր անելիք ունենք կրթական ոլորտում, որտեղ էթիկայի և բարեվարքության կարևոր դասընթացներ պետք է անցկացվեն, որպեսզի երիտասարդ քաղաքացիները հասկանան հանրային շահի կարևորությունը և դրա համար պայքարող մարդկանց արժեքը ժողովրդավար հասարակությունում: