Այսօր Երեւանում մեկնարկում է ԵԱՏՄ բասկետբոլի լիգան: Այդ առիթով նախօրեին լրագրողների հետ կայացած հանդիպմանը ԵԱՏՄ լիգայի նախագահ, Երեւանի «Ուրարտու Վբեթ» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը ասել է, որ փետրվարին Երեւանում կայացած «ԵԱՏՄ Գավաթ» մրցաշարը ցույց տվեց, որ մենք կարող ենք սահմանափակ ֆինանսական հնարավորություններով ունենալ միջազգային լիգա: «Միջազգային ֆեդերացիան խորհուրդ տվեց սկսել վեց թիմով, քանի որ բարդ է միանգամից շատ լուրջ առաջնություն անցկացնելը»,-ասել է Կարեն Գիլոյանը եւ հավելել, որ միջազգային այս նոր մրցաշարը հավակնում է մի քանի տարվա ընթացքում ընդգրկել 16 թիմերի:
Անդրանիկ մրցաշարին մասնակցում են Երեւանի «Արագածը» եւ «Ուրարտու Վբեթը» Տուլայի «Արսենալը» եւ Ղազախստանի «Բարսի Ատիրաուն», հետագայում միանալու է Բելառուսի «Բորիսֆենը», իսկ 6-րդ ակումբի մասին, որը ըստ կազմակերպիչների անակնկալ է լինելու, կհայտարարվի ավելի ուշ:
ԵԱՏՄ բասկետբոլի կանոնավոր առաջնությունն անցկացվելու է տանը եւ դրսում հանդիպումների ձեւաչափով: Արդյունքում ի հայտ են գալու չորս լավագույն ակումբները, որոնք էլ 2020 թվականին կորոշեն չեմպիոնին ու մրցանակակիրներին:
Հետագայում անցանկալի խոսակցություններից խուսափելու նպատակով, երեւանյան մրցաշարի հանդիպումները կսպասարկեն հրավիրված մրցավարներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ