Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մակունցը ներկայացնում է Հրայր Թովմասյանի եւ Վահե Գրիգորյանի տարբերությունը՝ ո՞րն է քաղաքականացված լինելը

Հոկտեմբեր 01,2019 14:29

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը խոսեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացից: Հարցին՝ ի՞նչ քայլեր ունեք զինանոցում, որովհետեւ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ 6 անդամ պետք է կողմ քվեարկի, եթե այդ 6 ձայները չեն հավաքվում, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ նա պատասխանեց, որ ՍԴ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի ներկայացված իրավական փաստերի առնչությամբ. «Կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կլինի, մենք կորոշենք մեր հետագա քայլերը: Նախապես որեւէ հաջորդականություն քայլերի չեմ կարող բարձրաձայնել, դա չի նշանակում, որ մենք այդ ուղղությամբ չենք աշխատում՝ այն համատեքստում, որ մեզ անհրաժեշտ է ՍԴ-ն, որպես գերագույն սահմանադրական մարմին, վստահելի դարձնենք»:

Հարցին՝ ՍԴ-ում կկարողանա՞ն անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, երբ հայտնի է, որ դատավորներից առնվազն 6-ի նկատմամբ կասկածներ են հայտնվել, որ կապ են ունեցել Մարտի 1-ի գործի հետ, Քոչարյանի իշխանության օրոք են աշխատել՝ Մակունցը պատասխանեց. «Պետք է նախ և առաջ առաջնորդվել այն ելակետով, որ ՍԴ-ի դատավորներն, այնուամենայնիվ, կկայացնեն բացառապես իրավական փաստարկների հիման վրա որոշում: Նախապես չեմ ուզում որեւէ դիրքորոշում ներկայացնել: Հուսանք, իրենք կկայացնեն անաչառ որոշում, բայց ոչինչ պետք չէ բացառել»:

Տիկին Մակունցին հարցրեցին՝ ինչո՞ւ ՍԴ անդամները պետք է քվեարկեն կողմ այդ հարցին, եթե հաջորդն իրենք են լինելու, նա պատասխանեց. «Մենք քննարկում ենք դատավորներից մեկի հարցը, ընդ որում, պետք չի որեւէ մեկի անունով պայմանավորել: Կա դատավոր, որի առնչությամբ սկսել ենք գործընթաց: Մնացյալ հարցերը ցանկություն չունեմ քննարկելու: Կտեսնենք՝ իրենք ինչ դիրքորոշում են արտահայտելու, փաստարկների առումով իրենք պետք է դիտարկեն, որոշում կայացնեն՝ դրանք հիմնավո՞ր են, թե՞ չէ: Մեր գնահատմամբ՝ դրանք բավականին ծանրակշիռ են»:

Չի՞ թվում, որ դուք ձախողելու եք ՍԴ-ում, որովհետեւ այն հիմքերը, որոնք դուք ներկայացրել եք, այս կամ այն չափով առնչվում է իրենց՝ նույն դատավորներին՝ Մակունցը պատասխանեց. «Ես ձախողման կամ հաջողելու դիրքերից հանդես չեմ գալիս «Իմ քայլը» խմբակցության նախագիծը ներկայացնելիս: Մենք խոսում ենք՝ ընդհանրապես դատական համակարգում մենք ուզո՞ւմ ենք առողջացման գնալ, թե՞ ոչ, դատավորները պատրա՞ստ են ընդառաջ գնալ եւ իրենց քայլը անել այդ ուղղությամբ, թե՞ ոչ: Դատական համակարգի ներսից ցանկություն ունե՞ն որոշ չափով պրոցեսներ սկսել առողջացման, ինչ-որ բաներ վերականգնելու: Հնարավոր է, որ տարբեր փուլերում տեղի են ունեցել բաներ, որոնք իներցիայով, ինչ-որ կերպ այդպես են ստացվել, արդյոք կա՞ ցանկություն, կա՞ կամք վերականգնելու դատարանի եւ դատական համակարգի հեղինակությունը հանրության շրջանում, թե՞ ոչ: Սա է ամբողջ հարցը: Մենք մեր կողմից անում ենք այդ հարցը, ներկայացնում ենք հարցը, որը պիտի լինի ՍԴ տիրույթում»:

Այլ դատավորների մասով Մակունցն ասաց, որ այս պահին հիմքեր չունեն:

Aravot.am-ի հարցին՝ դուք խոսում եք ՍԴ-ն առողջացնելու մասին, բայց ՍԴ անդամների կարծիքով՝ ոչ մի ճգնաժամ էլ չկա, նիստերը բնականոն հունով ընթանում են, դա հորինովի է եւ կա կարծիք, որ այս գործընթացով իշխանություններն ընդամենը ՍԴ-ի լծակն ուզում են իրենցով անել, ո՞րն է ձեր արձագանքը՝ Մակունցը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ ուզում արձագանքել, ես ուզում եմ խոսել բացառապես այն նախագծի մասին, որը մենք հիմա ներկայացնում ենք»:

Մեր հարցին՝ այդ նախագծում հիմնավորումների մեջ նշվում է, որ Հրայր Թովմասյանը քաղաքականացված է, մինչդեռ ձեզ են մեղադրում, որ դուք մի քանի թեկնածուներ բաց թողեցիք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ տանեք՝ այն դեպքում, երբ Վահե Գրիգորյանն էլ քաղաքականացված է եւ ավելին՝ կարծիք է հայտնել, որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է՝ Մակունցն արձագանքեց. «Նախ, մեր ներկայացրած հիմքերը մի քանիսն են եւ պետք է դիտարկվեն իրենց հանրագումարով, ոչ թե առանձին-առանձին: Ինչ վերաբերում է քաղաքականացված լինելուն կամ չլինելուն, եթե մենք վերացարկվենք նախագծից եւ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում քաղաքականացված լինել, արդյոք դա նշանակում է քաղաքական դիրքորոշո՞ւմ ունենալ, թե ոչ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի քաղաքական դիրքորոշում եւ դա հայտնում է ընտրությունների միջոցով ընտրությանը մասնակցելով: Այլ հարց է՝ արդյոք դու հանդիսանո՞ւմ ես որեւէ քաղաքական կուսակցության առաջատար դիրքերից կամ ակտիվ ներկայացուցիչ, թե՞ ոչ: Դա է քաղաքականությամբ զբաղվելը եւ քաղաքականացված լինելը»:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունում բոլորը միակարծի՞ք են այդ հարցում, թե՞ այլ դիրքորոշումներ ունեցողներ կան՝ Մակունցը պատասխանեց, որ իրենց խմբակցությունն է նախագիծը ներկայացրել եւ որեւէ այլ կարծիք նիստերի ընթացքում, կամ մասնավոր զրույցներում չի հնչել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031